Եվրասիական տնտեսական միություն մտնելը կարող է Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնել տարեկան հավելյալ 1,5 տոկոսով: Այս մասին նոյեմբերի 26-ին խորհրդարանի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Ըստ նրա՝ դրան  մեծապես կնպաստի Ռուսաստանի արտահանման տուրքերի, այդ թվում՝ նաեւ գազի եւ նավթամթերքի մաքսատուրքերի վերացումը: Սա հզոր խթան կդառնա Հայաստանի տնտեսության համար, հավելել է փոխնախարարը: Նույնը վերաբերում է  ռուսական ալմաստների ներկրմանը՝ Հայաստանում վերամշակման համար, որը կօգնի զարգացնել ոսկերչական եւ վերամշակման  ոլորտները, նշել է նա: Ըստ պաշտոնյայի՝ հայ արտադրողները  կշահեն նաեւ ԵՏՄ տարածքում մաքսատուրքերը վերացնելուց, ինչպես նաեւ ապրանքների սերտիֆիկացման միասնական պահանջներից: «Դա թույլ կտա առանց որեւէ սահմանափակման հայկական արտադրանքն արտահանել ԵՏՄ երկրներ», - ընդգծել է Կարայանը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում սպասվում է դեկտեմբերին: Ակնկալվում է, որ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա 2015թ. հունվարի 1-ից: