«Lydian International» ընկերությունը հայտարարել է Հայաստանի Ամուլսարի հանքավայրում ոսկու արդյունահանման իրավունք ստանալու մասին: Այս մասին տեղեկացնում է «Resource Investing News» կայքը՝ հավելելով, որ այդ հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի գները կտրուկ աճ են արձանագրել:
«Lydian International»-ը մինչ այդ տարբեր թույլտվություններ է ստացել Ամուլսարի նախագծի համար: Իսկ հանքարդյունահանման թույլտվությունն ընկերությանը հնարավորություն կընձեռի նախագիծը զարգացնել՝ տեխնիկա-տնտեսական նորացված հիմնավորման չափանիշներին համապատասխան, որը մեկնարկել է սեպտեմբերին: Այդ փաստաթղթում զգալի փոփոխություններ են մտցվել ծրագրի ենթակառուցվածքներում: Օրինակ՝ փոփոխվել է նախատեսվող կույտային տարրալուծման գործարանի կառուցման վայրը:
Նշենք, որ վերջին շրջանում բնապահպանական ոլորտով մտահոգ ակտիվիստները Հայաստանում բողոքի ակցիաներ էին անցկացնում Ամուլսարի ծրագրի դեմ՝ մատնանշելով տարբեր ռիսկեր, որոնք կարող են ուղեկցել հայկական հանգստավայրային Ջերմուկ քաղաքի մոտակայքում գտնվող հանքավայրից ոսկու արդյունահանմանը:



























