Մինչեւ ձմեռ էներգակիրների սակագները կարող են  հավասարակշռվել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ նախագահը նաեւ հայտարարել է, որ նավթի գների անկումը նավթի արդյունահանման քվոտաները նախկին մակարդակի վրա պահելու  որոշումից հետո անսպասելի չէր: «Կարծում եմ, որ ոչ մի անսպասելի բան ոչ մեզ, ոչ ձեզ համար տեղի չի ունենում: Մենք մասնակցել ենք Նավթ արտահանող երկրների կազմակերպության հանդիպմանը: Մեզ համար հենց սկզբից էլ պարզ էր, որ կազմակերպության ծավալները չկրճատելու  հայտարարությանը գների նվազմամբ կարձագանքեն»,- ասել է Պուտինը:

Total-ի նոր ղեկավար Պատրիկ Պույանեն նոյեմբերի 27-ին առաջին անգամ է Ռուսաստան ժամանել՝ որպես ֆրանսիական ընկերության ղեկավար, որպեսզի հանդիպի երկրի խոշոր նավթագազային ընկերություններ ՆՈՎԱՏԷԿ-ի, ԼՈՒԿՕՅԼ-ի եւ  «Ռոսնեֆտի» բաժնետերերի եւ թոփ-մենեջերների հետ: