ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էլիզաբեթ Լաութենը Facebook-ի իր էջում նախագահ Բարաք Օբամայի դուստրերին քննադատել է արտաքին տեսքի եւ Գոհաբանության տոնի առիթով կազմակերպած ավանդական արարողության ժամանակ վարքի համար:

Լոութենը քննադատել է 16-ամյա Մալիայի եւ 13-ամյա Սաշայի «չափազանց կարճ կիսաշրջազգեստները»: «Թանկագին Սաշա եւ Մալիա, ես հասկանում եմ, որ դուք անցումային բարդ տարիքում եք, բայց դուք պետության առաջին դեմքերի ընտանիքի մաս եք, փորձեք համապատասխանել դրան: Ամեն դեպքում՝ հարգեք դերը, որը խաղում եք… Հագնվեք այնպես, որպեսզի հարգանք առաջացնեք, այլ ոչ թե այնպես, կարծես բար եք պատրաստվում գնալ»,- գրել է նա:

Բացի այդ, կոնգրեսականին դուր չեն եկել նաեւ ԱՄՆ ղեկավարի աղջիկների ձանձրացող դեմքերը: «Եվ, իհարկե, պետք չէ «դեմքը ծռել» հեռուստաեթերների ժամանակ»,- գրել է Էլիզաբեթը:

Ըստ NEWSru.com-ի, կոնգրեսականի օգնականի գրառումը սկանդալ է առաջացրել: Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ նա ցանկանում է ամաչեցնել դեռահաս աղջիկներին: Կտրուկ քննադատությունից հետո գրառումը ջնջել են, իսկ Լաութենը ներողություն է խնդրել իր «վիրավորական բառերի համար»: