Հայաստանում արդար ընտրությունները ստիպում են հրաժարվել մեծամասնական ընտրակարգից եւ 100%-անոց համամասնական համակարգի անցնել: Բնականաբար, կան նաեւ բարեխիղճ մեծամասնական պատգամավորներ, սակայն ակնհայտ է փաստը, որ Հայաստանի պայմաններում իշխանությունը ստանում է մեկնարկային բոնուս՝ 41 պատգամավորական տեղ եւ ընտրությունից ընտրություն կայուն մեծամասնություն ձեւավորելու իրական հնարավորություն: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում բարեփոխումների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Քանի որ իշխանությունները քաղաքական կամք չունեն, ապա անհրաժեշտ է արդար ընտրությունների հասնել օրենքի ուժով: Չնայած մեծամասնական համակարգի առավելություններին, պետք է հրաժարվել դրանից՝ հարկադրված եւ մեր իրականությունից ելնելով:  Եթե արդար ընտրությունների այլ ճանապարհ կա, խնդրեմ, ներկայացրեք ձեր առաջարկները,  եկեք քննարկենք՝ ինչպես հաղթահարել ներկայիս խնդիրները: Եթե դուք պատրաստ եք դրան», – ասել է Զոհրաբյանը: