«Ոչ ռոումինգին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամներն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մեկ օրով անջատել են հեռախոսները՝ ի նշան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գործող ռոումինգի սակագների դեմ բողոքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
«Կարծում եմ՝ նախաձեռնությանը շատ ավելի մեծ թվով մարդիկ են միացել, քան ֆեյսբուքյան միջոցառման գրանցված 1600-ից ավելի քաղաքացիները, կեսգիշերից հեռախոսներն անջատել ենք մինչեւ այսօր՝ 00:00»,-ասաց նա:
Արշակ Զաքարյանը համոզված է՝ իրենց պայքարը ոչ անմիջապես, սակայն ժամանակի ընթացքում արդյունք կտա եւ սակագները կնվազեն:
«Սպասումները քիչ-քիչ իրականանում են, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը աշխատում է սակագների վրա, արդեն 10 օրից ավելի է՝ «Բիլայնը» նոր պայմանագիր է կնքել «Ղարաբաղ տելեկոմի» հետ, որով որոշակի փոփոխություններ են կատարվել սակագներում: Երբ տեսախցիկների դեմ պայքարը սկսում էինք, նույն հարցն էին տալիս, թե ինչ արդյունք կտա պայքարը, սակայն այսօր ճանապարհատրանսպորտային ոլորտում բավականին փոփոխություններ կան, և եթե ուշադրություն դարձնեք համարյա բոլորը, ըստ մեր դրած պայմանների, քիչ քիչ կատարվում են: Կարևորը հետևողական լինելն է և կեսից չհրաժարվելը: Իսկ եթե սպասում ենք, որ այսօր երկոյան Արցախում ռոումինգ չի լինելու, ապա առնվազն հեքիաթների ենք հավատում, դա մեկ օրվա աշխատանք չէ»,-ասաց նախաձեռնության անդամը:
Արշակ Զաքարյանը նշեց, որ իրենք հետեւողականորեն շարունակելու են պայքարը, կազմակերպելու են նոր ակցիաներ:




























