Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից լրացուցիչ ինֆլյացիան չի գերազանցի 0,6 տոկոսային կետը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խորհրդարանի լիագումար նիստին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխախարար Սուրեն Կարայանը: Անցած շաբաթ նախագիծն արդեն քննարկվել էր տնտեսական եւ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովների մակարդակում:
Փոխնախարարը հավելեց, որ լրացուցիչ ինֆլյացիայի միջանցքը կկազմի 0,3 – 0,6%: Մյուս կողմից, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսությունը կարճաժամկետ հեռանկարում կգրանցի 1,2 – 2,5% լրացուցիչ տնտեսական աճ:
Նշենք, որ դեկտեմբերի 1-4-ը խորհրդարանում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:




























