Բրիտանացի ուռուցքաբան բժիշկը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ 10-16 տարեկան 18 հիվանդների հանդեպ ոտնձգություն կատարելու համար: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:
Քեմբրիջի Ադենբրուք հիվանդանոցում աշխատող բժիշկ Մայլս Բրեդբերին իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 25 կետերով: Նրան մեղադրել են անչափահասներին պղծելու եւ մանկական պոռնոգրաֆիա պահելու համար: Բացի այդ, հիվանդներին զննելիս նա «լրտեսական գրիչի» օգնությամբ գաղտնի տեսախցիկով նկարահանումներ է կատարել:
Ըստ Reuters գործակալության, դատախազ Միշել Բրաունը հայտարարել է, որ նման դաժանությունն աներեւակայելի է մարդկանց մեծ մասի համար: «Այդ մանկապիղծ-բժիշկն օգտվել է լուրջ հիվանդությունների դեմ պայքարող պատանի հիվանդների անօգնականությունից»,- դատախազի խոսքերն է մեջբերում Lenta-ն:
Բժշկին ձերբակալել են 2013 թվականին, այն բանից հետո, երբ 2012թ.-ին կանադական իշխանությունները երեխաների պաշտպանության բրիտանական մարմնին զգուշացրել են, որ Բրեդբերին երեխաների անպարկեշտ լուսանկարներով DVD է ձեռք բերել:




























