ԵՏՄ-ին Ղրղըզստանի չանդամակցելու դեպքում հանրապետությանը բացասական հետեւանքներ են սպառնում: Երկուշաբթի ղրղըզական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:
Մաքսային միությանը Ղրղըզստանի անդամակցության մասին պատմանագիրը ծրագրվում է ստորագրել դեկտեմբերի 23-ին: Մայիսին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրվել է Մաքսային միությանը Ղրղըզստանի անդամակցության վերաբերյալ միջոցառումների ծրագիրը: Ներկայում ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության համար անհրաժեշտ օրինագծերի փաթեթը երկրի խորհրդարանում է: Մաքսային միությանը երկրի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման համար անհրաժեշտ է առնվազն 377 մլն դոլար գտնել, այդ թվում՝ պետական սահմանների արդիականացման համար:
«ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում մեզ բացասական հետեւանքներ են սպառնում: Մարդի վաղ թե ուշ կհասկանան, որ դա ճիշտ որոշում էր»,- հայտարարել է նա:
Աթամբաեւը նշել է, որ, իր կարծիքով, եվրասիական տարածությունում ինտեգրված բոլոր երկրներից հենց Ղրղըզստանը կարող է ամենամեծ օգուտը ստանալ անդամակցությունից: «Մեր ազատական օրենքներով եւ մեր բնակչությամբ մենք առավելագույն օգուտները կքաղենք: Եթե գրագետ աշխատենք: Կարծում եմ՝ մենք, ընդհակառակը, առավելագույն օգուտները կստանանք անդամակցությունից (ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին)»,- ասել է նա:
Աթամբաեւը հերքել է լրագրողների ենթադրությունը, որ Ռուսաստանը ներկայում ֆինանսական դժվարություններ ունի եւ չի կարողանա հանրապետությանը խոստացած աջակցություն ցուցաբերել. «Ռուսաստանը ֆինանսական դեֆիվիտ չունի: Ֆինանսական դեֆիցիտ ունեն որոշ ռուսական բանկեր եւ ընկերություններ»:




























