Թուրքիան ձգտում է փոփոխություն մտցնել ԼՂ հակամարտության գծում, որի դրսեւորումներից մեկը հայ-թուրքական սահմանի փակ լինելն է, եւ դրա բացման դեպքում ստատուս-քվոն արդեն իսկ խախտված կլինի: Այսպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Նա նշել է, որ ԼՂ հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերը համընկնում են: ՌԴ-ն իր վարչապետի շուրթերով Ստամբուլում հայտնեց այդ դիրքորոշումը, որ կողմերն իրենք պետք է հանգեն հակամարտության կարգավորմանը, եւ այդ հարցում չպետք է ճնշում բանեցնել նրանց վրա: «Պուտինի այս հայտարարությունը պատահական չհնչեց Ստամբուլում, քանի որ այն հասցեագրված էր հենց Թուրքիային»,-նշեց փորձագետը:
Նրա խոսքով` երկու գերտերությունների դիրքորոշումները համընկնում են եւ այն հարցում, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու ԼՂ խնդրի կարգավորումը իրարից տարբեր խնդիրներ են: Սակայն, ինչպես նշեց Սարգսյանը, այս հարցում ծայրահեղ հակառակ կարծիք ունեն իրենք` կողմերը: Եթե Ադրբեջանը նշում է, որ բանակցային սեղանին դրված են նորացված Մադրիդյան սկզբունքները, եւ Բաքուն ընդհանուր առմամբ համաձայն է դրանց, ապա Երեւանը՝ ի դեմս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, հավաստիացնում է, որ Մադրիդյան սկզբունքները անցյալում են մնացել, եւ այժմ կողմերը ուսումնասիրում են պետերբուրգյան առաջարկները, նշեց փորձագետը:
Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները Բաքվի սրտովը չէին, ինչի վկայությունը հայ-ադրբեջանական շփան գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպն է:«Այս կերպ Ադրբեջանը փորձեց շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը»,-նկատեց փորձագետը: Սակայն, ինչպես նշեց նա, ադրբեջանական շանտաժը անպատասխան չմնաց, եւ գերտերությունները արտահայտեցին իրենց դժգոհությունը Ադրբեջանի գործողությունների հանդեպ: Սարգսյանի խոսքով, այդ դժգոհությունն արտահայտվեց ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից ԼՂ խնդրի վերաբերյալ արված հայտարարությամբ, որում խոսվում է «օկուպացված տարածքների» վերադարձի մասին, սակայն չի նշվում, թե ո՞ւմ պետք է վերադարձվեն դրանք:
«Պատահական չէ, որ այդ հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ խոսվեց Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի շրջանի վերադարձի մասին»,-նկատեց Սարգսյանը: Նրա խոսքով` Ադրբեջանին հասցված մի ապտակ էլ հայտարարության ռուսերեն ու անգլերեն տեքստերի միջեւ առկա տարբերությունն էր: Փորձագետի կարծիքով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր տարածաշրջանային այցի ընթացքում ԼՂ խնդրի վերաբերյալ ասիմետրիկ հայտարարությունների միջոցով Ադրբեջանին իր տեղը ցույց տվեց: «Հավանական է, որ Ադրբեջանը հասցրել է բավականաչափ զզվեցնել միջազգային հանրությանը»,-նշեց փորձագետը:
Նրա խոսքով` պետքարտուղարը, հայտարարելով, թե այսօր երկրներ կան, որոնք շահագրգռված չեն Ադրբեջանի անկախությամբ (նկատի ունենալով Իրանին), ցանկացավ ասել, որ այսօր հարցականի տակ է դրված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մանվել Սարգսյանի խոսքով` Քլինթոնը նաեւ ընդգծեց, որ ԱՄՆ-ի համար ընդունելի չէ ԼՂ խնդրի ռազմական լուծումը: Ըստ փորձագետի` Ադրբեջանի զուսպ արձագանքը Քլինթոնի այցին ցույց է տալիս, որ նա հասկացել է Վաշինգտոնի մեսիջները: Մանվել Սարգսյանը միաժամանակ նշեց, որ Ադրբեջանի պես աղքատ երկրի միակողմանի ռազմականացումը լուրջ վտանգ է սպառնում տարածաշրջանին:



























