Ավստրիացի հնագետները նույնականացրել են Վիեննայում 17-րդ դարի նկուղում հայտնաբերած ուղտի կմախքը։ Կենդանին միասապատ եւ երկսապատ տեսակի ուղտերի հիբրիդ է եղել եւ գործածվել է ռազմական նպատակներով, ենթադրվում է՝ Օսմանյան Կայսրության բանակի համար։
Գիտնականները ենթադրում են, որ 1683թ. Վիեննայի մատույցների մոտ դաշնակիցների զորքերից կրած պարտությունից հետո թուրքական բանակն այնտեղ էր թողել կենդանուն։ Այս մասին հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
«Նման կենդանիների բուծում էին հատուկ բանակի համար»,- ասել է հնագետ Ալֆրեդ Գալիկը։ Համաձայն նրա վարկածի՝ Վիեննայի բնակիչները ուղտը պահել էին որպես զարմանահրաշ կենդանի եւ հանում էին ցուցադրության, ինչը բացատրում է, թե ինչու կենդանին չէր հայտնվել քաղաքաբնակներից մեկի սեղանին այլ ապրել էր մինչեւ խոր ծերություն։
Սա Կենտրոնական Եվրոպայում հայտնաբերված ուղտի առաջին ամբողջական կմախքն է։





























