«Եվրոպական Գյուղական Երիտասարդություն» միջազգային կազմակերպությունը Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է մեկ շաբաթյա ճանաչողական այցելություններ Սերբիա, որը կրում է «Ջարդենք սահմանները. աջակցենք գյուղական երիտասարդությանը բալկաններում» խորագիրը: Այդ ծրագրով Սերբիա են մեկնել նաեւ հայկական գյուղերի ներկայացուցիչները, որոնցից մեկը` Գայանե Մարտիրոսյանը իր տպավորություններն է կիսել NEWS.am-ի հետ.
«Այցի նպատակն էր ուսումնասիրել թե գյուղական երիտասարդությունը ինչքանով է ներգրավված հասարակական կյանքում, ինքանով է ակտիվ, տեղեկացված եւ ինչ կարգի աջակցություն ունի տեղական իշխանություններից, պետական եւ ոչ պետական հիմնադրամներից:
Ծրագրին մասնակցել են եվրոպական տարբեր երկրներից ժամանած 25 երիտասարդներ: Առաջին կանգառը Նովի Սադ քաղաքն էր, որտեղ մենք հանդիպումներ ունեցանք երիտասարդական մի շարք կազմակերպությունների (Վոյեվոդինայի երիտասարդական կենտրոն, Երիտասարդական աշխատանքային կենտրոն, Կամավորական երիտասարդական կազմակերպություն) եւ տեղական իշխանությունների հետ: Ներկայացվել է Սերբիան տարբեր ոլորտներում` մշակույթ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սպորտ, կառավարման համակարգ: Խոսվել է գյուղական երիտասարդության եւ կառավարության փոխհամագործակցության միջոցով իրականացված բազմաթիվ ծրագրերի մասին:
Նովի Սադում այցելությունները ու հանդիպումները վերջացնելուց հետո մեկնեցինք Ուժիցե քաղաքը, որտեղ մեզ դիմավորեցին քաղաքապետն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները: Մենք այցելեցինք Ուժիցեի մի շարք տեսարժան վայրեր, այդ թվում նաեւ աշխարհում իր մեծությամբ երկրորդը, իսկ Եվրոպայում առաջին համարված հիդրոկայանը, որն այժմ չի գործում եւ թանգարան է: Հանդիպեցինք տեղի երիտասարդությանը, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հնարավոր ապագա համագործակցության ու փորձի փոխանակաման մասին:
Հաջորդ կանգառը Պրեյեպոլիե քաղաքատիպ ավանն էր, որտեղ երիտասարդական ակումբներից մեկում ավանդական հյուրասիրությունն էր կազմակերպվել տեղի երիտասարդության ջանքերով: Հաջորդ օրը առավոտյան այցելեցինք անասնապահական տարբեր ֆերմաներ, ծանոթացանք այդ տարածաշրջանում գյուղական կյանքին ու գյուղացիների ապրելակերպին:
Այնուհետեւ խումբը բաժանվեց երկու մասի: Մի մասը մեկնեց Կոսովո, իսկ մյուսը` շարունակեց այցելությունները այլ սերբական գյուղեր ու քաղաքներ:
Եղանք Դուբնիցայում, հետո մեկնեցինք Սենիցե, որտեղ հիմնականում բնակվում են մահմեդականներ: Հետո այս տարածաշրջանում այցելեցինք տարբեր գյուղեր ու գյուղական վայրեր, որտեղ մարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ, կաթնամթերքի արտադրությամբ, մսամթերքի մշակմամբ: Սերբ գյուղացու եւ երիտասարդի ապրելակերպին ծանոթացանք բոլոր տեսանկյուններից: Հաջորդ օրը Կոսովո մեկնած երիտասարդների հետ միասին վերադարձանք Նովի Սադ, որտեղ էլ կազմակերպվեց քննարկումներ այն ամենի մասին ինչ տեսանք մեկ շաբաթվա ընթացքում: Խոսեցինք մեր հետագա ծրագրերի ու մոտ ապագայում Հայաստանում նմանատիպ միջոցառման կազմակերպման հնարավոր հեռանկարների մասին»:




























