Իտալիայի Տոսկանա նահանգի Ռոնդինե քաղաքում գործող «Խաղաղության ամրոց» /Ռոնդինե/ կրթական ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի գլխավորած պատվիրակությունն այսօր` հուլիսի 27-ին հյուրընկալվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանը նշել է, որ «Ռոդնինե» ասոցիացիայի ու Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի միջեւ ստորագրված փոխըմբռնման համաձայնագիրը հնարավորություն կտա հայ երիտասարդներին կրթություն ստանալ Իտալիայում` բացելով ինչպես կրթական համագործակցության, այնպես էլ հակամարտող երկրների միջեւ հասարակական երկխոսության զարգացման նոր հեռանկարներ:

Ֆրանկո Վակարին, ներկայացնելով իրենց կազմակերպության գործունեությունը, կարեւորել է, որ կրթաթոշակները տրամադրվում են միմյանց միջեւ հակամարտություն ունեցող երկրների ուսանողներին: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս նույն հարկի տակ բերելով երիտասարդներին` ապահովել համերաշխ կեցություն: «Ռոնդինե» ասոցիացիայի նախաձեռնության նպատակն է երիտասարդների միջոցով ձեւավորել հաշտեցման գործող առաջարկներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ հակամարտությունների վերացման ու բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման համար, իսկ շրջանավարտներն էլ դառնալու են այդ գործընթացների ծիծեռնակները: Նա ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին է փոխանցել Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար երիտասարդների մշակած 14 առաջարկից բաղկացած փաթեթը:

Հանդիպման ավարտին քննարկվել է նաեւ «Ռոնդինե» ասոցիացիայի նախաձեռնությանն Արցախի ուսանողների մասնակցության խնդիրը: