Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հուլիսի 29-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է  Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լորենցո Ամբերգին: Դրական գնահատական տալով հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի պաշտոնում Լորենցո Ամբերգի իրականացրած աշխատանքներին` փոխնախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունների ներկայիս զարգացման եւ երկկողմ քաղաքական երկխոսության կայուն համակարգի ձեւավորման առնչությամբ:

Կողմերն արժեւորել են Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ընդլայնվող իրավապայմանագրային դաշտի առկայությունը` պայմանավորված անցյալ տարի երկու կարեւոր միջկառավարական փաստաթղթերի ստորագրմամբ: Խոսքը օդային հաղորդակցությունների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագրերի մասին է: Երկուստեք ողջունվել է  նաեւ 2009թ. սեպտեմբերից Հայաստանում գործող Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի գործունեությունը` որպես խթան առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար: Անդրադարձ է կատարվել նաեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին ուղղված Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալության (SDC) աջակցության ծրագրերին, ինչպես նաեւ կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին: Փոխնախարար Ղազինյանը եւ դեսպան Ամբերգը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ԱԳՆ մամլո ծառայությունից: