2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել եւ շարունակում է գերակատարումներով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, այս տարվա առաջին 7 ամիսների հավաքագրումները գերակատարվել են եւ հարկային, եւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 338,3 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 34,7մլրդ դրամով (առանց սոցիալական ապահովագրության վճարների):
Ընթացիկ տարվա 7 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 60,2մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ.-ի առաջին 7 ամիսների համեմատ` մոտ 3մլրդ դրամով ավելի գումար (առանց սոցիալական ապահովագրության վճարների):
Սոցիալական ապահովագրության վճարների մասով եւս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի եւ 2009-ի հունվար-հուլիսի, այնպես էլ այս տարվա 7 ամսվա ծրագրային ցուցանիշների նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի հունար-հուլիս ամիսներին հավաքագրվել է 64,9 մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է ավելի քան 6,5 մլրդ դրամով: 2010-ի առաջին 7 ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարներն ավելի քան 8 մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ ավելի քան 9,8 մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:



























