Մեկնարկել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցումը: Ինչպես տեղեկանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

  Այժմ ընթանում են հողային աշխատանքները. ճանապարհ է բացվում դեպի աղբյուրներ:

Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է գյուղից 5 կմ հեռավորության վրա` Քիրսի սարի ստորոտում գտնվող երեք աղբյուրների մոտ կառուցել ջրհավաք կառույցներ: Նոր անցկացվող ջրատարով ջուրը կհասցվի գյուղ: Գյուղի բարձրադիր մասում կկառուցվի 100 քմ օրական կարգավորման ջրամբար: Որպես համակարգի մաս, կօգտագործվեն նաեւ ներկայումս շահագործվող երեք ջրամբարները (ընդհանուր առմամբ 160 քմ տարողությամբ), որոնք մի քանի տարի առաջ են վերանորոգվել:

  Երկրորդ փուլով կկառուցվի 15 կմ երկարությամբ ներքին ցանց. խողովակների տրամագիծը հաշվարկվել է` հաշվի առնելով գյուղի հեռանկարային ընդլայնումն ու զարգացումը: Տների մուտքագծերի վրա կտեղադրվեն զտիչ սարքեր ու ջրաչափեր:

Արդեն 2011 թ. ամռանը գյուղի բոլոր 260 ընտանիքները (շուրջ 1130 բնակիչ) կապահովվեն կանոնավոր ջրամատակարարմամբ: