ՀՀԿ-ական պատմագավոր Ռուբեն Հայրապետյանի օգնական Կարինե Մուրադյանը հերքել է Հայրապետյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտի մասին լուրերը: «Ինձ նման միջադեպի մասին որեւէ բան հայտնի չէ: Եթե նման բան տեղի ունեցած լիներ, ապա ես կիմանայի, քանի որ այդ տիպի դեպքերի մասին լուրերը արագ են տարածվում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրապետյանի օգնական Կարինե Մուրադյանը:

Նա միաժամանակ հավելեց, որ լուրը լրացուցիչ կճշտի եւ մեզ պաշտոնական պատասխան կտա: «Այժմ պարոն Հայրապետյանը քաղաքում չէ: Ես նրան չեմ կարող անհանգստացնել՝ հիմա զանգելով: Հավանաբար, առաջիկայում կլինի հերքում այդ կապակցությամբ»,- ասաց Մուրադյանը՝ նկատի ունենալով մամուլի այն հրապարակումը, ըստ որի՝ օրերս Ռուբեն Հայրապետյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել:

Ըստ այդմ՝ Ռուբեն Հայրապետյանի օգնականը օրերս ԱԺ արարողակարգի վարչություն է բերել Հայրապետյանի դիվանագիտական անձնագիրը՝ ժամկետը երկարացնելու համար: Սակայն Ղարիբջանյանը հրաժարվել է երկարացնել անձնագրի ժամկետը, ասելով, որ  իրեն այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել: Դա խիստ զայրացրել է Ռուբեն Հայրապետյանին, եւ նա ԱԺ-ում՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի ներկայությամբ հարվածել է Ղարիբջանյանին:

Ի դեպ,  NEWS.am-ը փորձեց անձամբ Հայրապետյանից ճշտել այս միջադեպի հետ կապված մանրամասները, սակայն պատգամավորը  չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: