Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առիթով:

Նիստը բացվեց միասնական աղոթքով: Ընթեցվեց Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից մեկ հատված, ապա նիստի մասնակիցները լռության րոպեով հարգեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկան ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատորներ դոկտ. Ագնես Աբումը եւ Սասիմայի միտրոպոլիտ պրոֆ. Գեննադիոսը:

Այնուհետեւ ժողովականներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակությամբ ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտեի հանդիպման շրջանակներում Քրիստոնեական Եկեղեցիների շուրջ քառասուն ներկայացուցիչների ներկայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նորին Սրբությունը նշեց. «Մեր ժողովրդի եւ մեր երկրի կյանքում 2015 թվականը նվիրական է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդով: Այս առիթով Հայաստան այցելեցին կրոնական, պետական ու միջազգային բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում եւ՝ հոգեւոր առաջնորդներ: Մենք խոր մխիթարություն ապրեցինք, երբ Մեր հոգեւոր եղբայրները, բարեսեր անհատներ իրենց զորակցությունը բերեցին մեր ժողովրդին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակին եւ արտահայտելով իրենց նվիրվածությունը առանց բռնությունների աշխարհ կերտելու տերունապատվեր առաքելությանը: Հայոց Ցեղասպանության հիշատակի հանդեպ նման վերաբերմունքը Մենք ընդունում ենք նաեւ որպես ջանք եւ վճռականություն՝ պայքարելու մարդկության դեմ գործված ու գործվող ոճիրների, որոնցից շատեր մեր օրերում շարունակում են ուղեկցվել կրոնի եւ Աստծո անվան շահարկմամբ՝ որպես կրոնական ֆունդամենտալիզմի դրսեւորումներ:

Այս պահին, երբ մենք այստեղ համախմբվել ենք` խթանելու էկումենիկ հարաբերությունները, քննարկելու Եկեղեցիների միասնական պատասխանները աճող անհավասարության, աղքատության, պատերազմների վտանգի, կլիմայի փոփոխության եւ դրանց հետեւանքների մասին, շատ քրիստոնյաներ, հատկապես Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ աշխարհի այլ մասերում կյանքով են վճարում իրենց հավատքի համար: Հիշյալ հարցերը կենտրոնական տեղ ունեն մեր առաքելության մեջ: Տասնամյակներ առաջ ստեղծված Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը վաղուց ի վեր շահեկան դերակատարում է ստանձնել՝ նպաստելու աշխարհում մշտամնա խաղաղության ու արդարության հաստատման, ոճրագործություների կանխարգելման, ժողովրդավար ու իրավահավասար հասարակության կերտման գործին: Կառույց, որն իր ստեղծման առաջին իսկ օրերից ստանձնել է չափազանց պատասխանատու ու վեհ առաքելություն, որի հիմքում ընկած են քրիստոնեական սերն ու համամարդկային արժեքները»:

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին եւ նրա Գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվայթին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն մշտապես ցուցաբերվող բազմակողմանի աջակցության համար, որ դրսեւորվել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրված ջանքերում: «Գոհունակությամբ պիտի նշենք, որ 100-ամյակի միջոցառումներին մեր աղոթքներին միացան բազմաթիվ հոգեւոր առաջնորդներ ու էկումենիկ կառույցների ղեկավարներ: Ի թիվս բազմաթիվ օտարերկրյա հյուրերի ներկա էին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի, Մերձավոր Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի, Ամերիկայի Եկեղեցիների Ազգային Խորհրդի գլխավոր քարտուղարները: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կարեւոր նշանակություն ունի նաեւ առաջիկայում Ժնեւում կայանալիք էկումենիկ գիտաժողովը՝ ԵՀԽ բարձր հովանու ներքո», – ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտեի ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մաղթեց, որ Բարին Աստված արդյունավոր աշխատանք պարգեւի Գործադիր վարչության ժողովին՝ ի նպաստ Եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների զորացման եւ աշխարհը հուզող համապարփակ խնդիրների հաղթահարման:

Այնուհետեւ, ժողովի օրակարգի հաստատումից հետո, նիստի մասնակիցներին ԵՀԽ գործունեության հաշվետու տարեկան զեկույցը ներկայացրեց ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվայթը:

Առաջիկա օրերին ժողովականները կքննարկեն էկումենիկ հարաբերությունները խթանող հարցեր, կանդրադառնան աղքատության, պատերազմների, կլիմայի փոփոխության եւ, հատկապես, Մերձավոր Արեւելքում հավատքի համար իրենց կյանքով վճարող քրիստոնյաների հիմնախնդիրներին, կփորձեն գտնել Եկեղեցիների միասնական պատասխաններ մարդկության առջեւ ծառացած մարտահրավերներին: