Թուրքիայի սահմանից ոչ հեռու, Վրաստանի Ախալցխայի շրջանում այրվում են անտառները: Երեք հակահրդեհային ուղղաթիռներ, տեղի բնակիչների հետ համատեղ մասնակցում են հրդեհի վերացման աշխատանքներին: Ինչպես հաղորդում են Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնական պաշարների նախարարությունից, վերջին մի քանի օրերին կրակը ոչնչացրել է 25 հա անտառ: Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հաջողվել է հրդեհից փրկել բնակավայրերը: Բորժոմիի շրջանում իրավիճակը նույնպես դուրս է գալիս վերահսկողությունից: Հրդեհավտանգ իրավիճակի առնչությամբ, Վրաստանի կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ հիմնական թեման եղել է երկրի հարավում հրդեհների դեմ պայքարը: Իշխանությունների տվյալներով, հրդեհների պատճառ կարող է լինել ինչպես չոր ու շոգ եղանակը, այնպես էլ մարդկային գործոնը: Հետաքննական մարմիններն արդեն աշխատում են հնարավոր կասկածյալների հետ:
«Ներկա պահին, Ացկուրի անտառում բռնկված հրդեհը դեռ տեղայնացված չէ: Հրդեհի մարմանը խանգարում են շոգ եղանակը եւ ուժեղ քամին: Գյուղում իրավիճակը կայուն է եւ գյուղին վտանգ դեռ չի սպառնում: Եթե շոգը չուժեղանա, ապա արդեն մի քանի օրից հրդեհն ամբողջությամբ կմարվի»,- ասել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնական պաշարների նախարար Գոգա Խաչիձեն:
Ավելի ուշ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Վրաստանում չգրանցված «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանն ասել է, որ հրդեհը մեծ մասամբ տեղայնացվել է: «Ես զանգահարել եմ Ախալքալաքի շրջանի հրշեջ ծառայության պետ Ավթանդիլ Աթոյանին: Նրա խոսքով, քիչ առաջ հրդեհը տեղայնացվել է, ապա նաեւ ամբողջությամբ` մարվել»,- նշել է Ռստակյանը, սակայն դժվարացել է ասել, թե հրդեհը որքան մակերես է վնասել: Նրա ներկայացմամբ, հայ հրշեջները իրենց լավ են դրսեւորել կրակի դեմ պայքարում, ինչի շնորհիվ նրանցից շատերն արժանացել են ծառայողական խրախուսանքների ու պատվոգրերի:



























