Հայաստանի իշխանությունները կրկին մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի` կացության ժամանակավոր կարգավիճակ տրամադրելու դիմումը: Սեֆիլյանին մերժել են գրեթե երկու ամիս առաջ:
«Հայաստանի վարչակազմի կամակատարները կատարել են իրենց գործելաոճին հոգեհարազատ հերթական ապօրինի քայլը: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հունիսի 15-ին մերժել է Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը»,- ասված է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
«Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել, որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել, որ Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը այսուհետ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ Ժիրայր Սեֆիլյանին չեն տալիս` առանց որեւէ պատճառաբանության:




























