ԱՄՆ Քենթուքի նահանգում բնակվող Քիրսթեն Բենսոնը դեռ 1996թ. պարբերաբար այցելել է Հայաստան՝ որպես կամավոր աշխատելով Կոտայքի մարզի դպրոցներում, ինչպես նաեւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում: 2003թ. վերադառնալով Կենտուկի, նա ծանոթանում է ապագա ամուսնու՝ Սթյուարթ Թոմասի հետ, որը տարբեր առարկաներ էր դասավանդում ավագ դպրոցում: Քիրսթենի կապը Հայաստանի հետ թերեւս սրանով չի ավարտվում:
.jpg)
Քիրսթենն ու Սթյուարթը ամուսնացել են 10 տարի առաջ: Ամուսնությունից հետո զույգը, պարզելով, որ չեն կարող երեխա ունենալ, որոշում են որդեգրել: Հայաստանում մի քանի տարի աշխատած Քիրսթենը պարզում է, որ այստեղ ավելի հեշտ է իրականացնել որդեգրման գործընթացը:
«Ես շատ էի ցանկանում որդեգրել հաշմանդամություն ունեցող երեխայի, քանի որ զգում էի՝ կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն, եւ որ Հայաստանը հյուրընկալ չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար (թեեւ հույս ունեմ, որ վերաբերմունքը փոխվել է): Ամերիկայի միացյալ նահանգները գրկաբաց է ընդունում խնդիրներ ունեցող մարդկանց»,- NEWS.am-ի թղթակցին պատմում է ընտանիքի մայրը:
.jpg)
Հակոբն ընդամենը 9 ամսական էր, երբ ամերիկացի ամուսիները 2008թ. որդեգրում են նրան: Նորքի մանկատան սանը, որի աջ ձեռքը ձախից կարճ է, շատ ակտիվ է, սիրում է զբաղվել սպորտով, ամեն ինչ անել ինքնուրույն:
«Ես ինքս կարող եմ անել»,- ասում է Հակոբը եւ ֆուտբոլ, բասկետբոլ խաղում, ինչպես նաեւ լոգոյով տարբեր իրեր կառուցում:
Քիրսթենի խոսքով՝ Հակոբի բնածին արատը նրան որեւէ հարցում չի խանգարում. նա կարողանում է գտնել հնարներ՝ միայն ձախ ձեռքն օգտագործելով կատարել իր ցանկացածը:
.jpg)
«Երբեմն Հակոբի նոր ընկերները նրան հետաքրքրությամբ են նայում եւ հարցեր տալիս ձեռքի մասին: Որդիս նրանց պատմում է, որ ինքն այս կերպ է ծնվել եւ դա իրեն չի խանգարում, ինքը կարող է անել այն ամենը, ինչ մյուս երեխաները: Սովորաբար այս պատասխանը բավարարում է նոր ընկերոջ հետաքրքրասիրությունը, եւ նրանք միասին շարունակում են խաղալ»,- ասում է Քիրսթենը:
Քիրսթենն ու Ստյուարտը շատ են ցանկանում, որ Հակոբը չկտրվի հայրենիքից: Թեեւ տղան երբեք Հայաստանում չի եղել, գիտի, որ հայ է եւ որդեգրված: Ընտանիքի մայրը նույնիսկ ցանկանում է, որ որդին հայերեն խոսի, հայ ընկերներ ունենա. «Ցավոք, հայերեն մի քանի բառ գիտի ընդամենը: Տարիներ առաջ մեզ մոտ մի հայ ուսանող էր բնակվում, որը մեզ օգնում էր կապ հաստատել տեղի հայկական համայնքի հետ: Հակոբը նաեւ իրեն հասակակից երկու հայ ընկեր ունի, որոնց ընտանիքների հետ մենք ամեն կերպ պահը պահպանում ենք»:
.jpg)
Հակոբի որդեգրումից 7 տարի անց ամերիկացի զույգը հորդորում է հայերին երեխաներ որդեգրել հենց երկրի ներսում՝ ընդգծելով, որ որդեգրումն ամոթալի երեւույթ չէ եւ ոչ էլ գաղտնիք: Քիրսթենը շնորհակալ է, որ իրեն Հայաստանում թույլ են տվել որդեգրել Հակոբին, միեւնույն ժամանակ նշում է, որ չկա իրական պատճառ, թե ինչու իր որդու նման երեխաները պետք է մեկնեն արտերկիր՝ ընտանիք ունենալու համար:

«Վերջում ուզում եմ հայերին հորդորել հաշմանդամություն ունեցող անձանց մասին վերաբերմունքը փոխել: Այս տեսակ մարդիկ յուրահատուկ են, տաղանդավոր եւ լիովին ի վիճակի են ինտեգրվել հասարակությանը: Նրանք հատուկ դպրոցների կարիք չունեն: ԱՄՆ-ում, օրինակ, բոլոր երեխաներն իրավունք ունեն հաճախել դպրոց «նորմալ» երեխաների հետ, ապրել ընտանիքներում եւ մասնակցել հասարակական միջոցառումների: Ամերիկյան օրենքով է ամրագրված հաշմանդամություն ունեցող քաղաքացիների իրավունքները: Ցանկանում եմ, որ Հայաստանում էլ մի օր այդպես լինի: «Սխալ» չէ, որ մարդը հաշմանդամություն ունի, սխալը հասարակությունն է, որը լիովին չի ընդունում նրանց»,- եզրափակում է Քիրսթենը՝ հույս հայտնելով, որ շուտով որդուն կբերի Հայաստան՝ ծանոթանալու արմատներին:
Լուսանկարները՝ Քիրսթեն Բենսոնի անձնական արխիվից
Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը




























