Ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու մեջ մեղադրվող՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Արթուր Ղազարյանը, մինչեւ ձերբակալվելն էլ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել եւ մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արթուր Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի՝ Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս տեղափոխվելուն:
«Ի սկզբանե էլ Արթուր Ղազարյանն առողջական խնդիրներ է ունեցել, այդ թվում նյարդային բնույթի լուրջ խնդիրներ ունի, գանգուղեղային տրավմա, տեսողության հետ կապված խնդիրներ եւ այլն: Բոլոր հիվանդությունների փաստաթղթերն էլ մենք ունենք եւ ներկայացնելու ենք իրավապահ մարմիններին: Մենք համապատասխան միջնորդություններ ներկայացնելու ենք դատաքննության ընթացքում»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերվում է գործի նախաքննության ավարտին, Երեմ Սարգսյանը նշեց, որ երբ դատաքննությունը սկսվի, պարզ կլինի, որ իրականում քրգործում քննելու շատ քիչ նյութ կար. «Կտեսնեք, որ մեկ օրում էլ կարելի էր քննել եւ նախաքննությունն ավարտել»:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
Ա.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն:





























