Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցության ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում տեղի չտալ Վենետիկի հանձնաժողովին եւ նույնասեռական ամուսնություններն արգելող դրույթը չհանել սահմանադրությունից:

Մենք` Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցության ավագ հովիվներս,

-առաջնորդվելով Աստվածաշունչ մատյանով, որի համաձայն` Աստված մարդուն ստեղծեց տարասեռ` այր եւ կին, օրհնեց նրանց ամուսնական միությունը եւ որդեծնությունը,

-կարեւորելով ավանդական մոնոգամ ընտանիքի իրավական ամրագրման նշանակությունը,

-հաշվի առնելով մեր հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխման գործընթացը,

հարկ ենք համարում ներկայացնելու մեր նկատառումները Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի Հոդված 34.-ի 1-ին կետի վերաբերյալ:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում միջազգային մասշտաբով ինտենսիվացել են քրիստոնեական արժեհամակարգի եւ մասնավորապես` ավանդական ընտանիքի ինստիտուտի աղճատման եւ խեղաթյուրման փորձերը: Նույնասեռականության եւ գենդերային ինքնության համաշխարհային արշավի այդ ալիքը ջանում է իր ազդեցությունից դուրս չթողնել եւ ոչ մի ազգ:

Ուստիեւ, որպես Ավետարանական ընտանիքի եկեղեցիների առաջնորդներ` մենք պարտավոր ենք դրսեւորել վճռականություն եւ ներկա ու ապագա սերունդներին զերծ պահել այս ազգակործան եւ աստվածաշնչյան ընտանիքի մոդելը խաթարող շարժումից:

Մեր համոզմամբ` բացառապես տարասեռ անձանց միջեւ ամուսնական միության եւ ընտանիքի մոդելը պետք է իր արտահայտությունը գտնի նաեւ Մայր օրենքի` Սահմանադրության մեջ:

Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի Հոդված 37.-ի 1-ին կետում արձանագրված է. «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»:

Ողջունելի է, որ նախագծի հեղինակները գործող Սահմանադրության նույնաբովանդակ հոդվածի համեմատ` տեքստի մեջ ավելացրել են «միմյանց հետ» բառակապակցությունը, ինչն, անկասկած, ուժեղացնում է ամուսնության ընկալումը որպես մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միջեւ միություն: Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ սույն դրույթն առավել հստակեցման կարիք է զգում` բացառելու համար ամուսնության եւ ընտանիք կազմելու իրավունքի առաձգական մեկնաբանությունը:

Հատկանշական է, որ Հոդված 34.-ի 1-ին կետի բովանդակությունը չի գոհացրել Վենետիկի հանձնաժողովին, որի անդամներն իրենց եզրակացության մեջ այս ձեւակերպումը դիտարկել են որպես միասեռական ամուսնությունների իրավական խոչընդոտ` կոչ անելով վերանայել այն:

Հաշվի առնելով սույն հանգամանքը` մենք հորդորում ենք ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին` այս հույժ կարեւոր հարցում տեղի չտալ միջազգային կառույցների կարծիքներին: Ավելին` մենք կոչ ենք անում կատարել Հոդված 34.-ի 1-ին կետի առավել հստակ եւ որոշակի սահմանման վճռական քայլ, ինչի արդյունքում ամուսնությունը բացառապես կմեկնաբանվի որպես կնոջ եւ տղամարդու միջեւ դաշինք: Այս է պահանջում Սուրբ Գիրքը` Աստվածաշունչը, քրիստոնեական բարոյականությունը, ողջամտությունը, մեր ազգի դարավոր հոգեւոր, մշակութային եւ մտավոր նկարագիրը:

Մենք հայտնում ենք նաեւ մեր պատրաստակամությունը` մասնակցություն բերելու հիշյալ հարցի շուրջ անհրաժեշտ քննարկումներին:

Օրհնությամբ եւ աղոթքով`

Համագործակցության ներկայիս համակարգող`

Վերապատվելի, դոկտոր Լեւոն Պարտագճյան

Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտոր Ռուբիկ Թումանյան

Վերապատվելի, դոկտոր Արթուր Սիմոնյան

Վերապատվելի, դոկտոր Ռաֆայել Գրիգորյան

Վերապատվելի Ռուբիկ Փահլեւանյան: