Նախորդ տարի հունիսի 23-ին ՀԾԿՀ-ի դիմաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Նարեկ Հակոբյանն այսօր` օգոստոսի 6–ին, դատապարտվեց 6 ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ակտիվիստի փաստաբան Արա Զոհրաբյանը` նշելով, որ դատաքննությամբ իր պաշտպանյալի մեղքն այդպես էլ չապացուցվեց:
«Պատրաստվում եմ բողոքարկել Վերաքննիչ դատարան, քանի որ Նարեկ Հակոբյանի մեղքը պատշաճ ապացուցված չէր, վկաների ու տուժողի ցուցմունքների մեջ հակասություններ կային: Կար երկու ոստիկանի ցուցմունք` տուժող ոստիկանի և վկայի, որոնք միմյանց հակասում էին: Վկա ոստիկանը ժխտում էր, որ Նարեկ Հակոբյանը հարվածել է ոստիկանին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում, ինչի հետեւանքով 27 ցուցարար բերման է ենթարկվել, այդ թվում նաև 28-ամյա Նարեկ Հակոբյանը: Վերջինիս հետագայում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ գործադրելու սպառնալիքը:





























