Թուրքիան բազմիցս սպառնացել է ներխուժել Սիրիա, եւ այդ սպառնալիքները տարածաշրջանը զրկում են կայունությունից: Այս մասին գրում է ֆրանսիական Slate ամսագիրը: Հոդվածում ասված է.
«Թվում է՝ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է պատրաստվում Թուրքիան անել Սիրիայում: Հնարավոր է՝ դա չեն հասկանում նաեւ հենց Անկարայում:
Ժամանակն է թարմացնել հիշողությունը, թե երբ եւ ինչպես է Թուրքիան ռազմական ներխուժմամբ սպառնացել իր հարավային հարեւանին եւ ինչ օգուտներ է քաղել այդ սպառնալիքներից:
1937 եւ 1998 թվականներին Թուրքիայի կառավարությունը ցույց տվեց, թե որքան արդյունավետ կարող է լինել հարավային սահմանին ռազմական ուժի ցուցադրությունը: Ամեն դեպքում, հայացք նետելով անցյալին, ակնհայտ կդառնա, որ Սիրիայի հետ այդպիսի խաղը երբեք Թուրքիային կայուն խաղաղություն եւ անվտանգություն չի երաշխավորել:
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ հուսահատ Ֆրանսիան զիջեց Թուրքիայի պահանջներին եւ նրան տվեց Հաթայ նահանգը (Ալեքսանդրեթը): Համբերատար դիվանագիտությունը եւ լավ հաշվարկված ուժի կիրառումը Թուրքիային նոր տարածքներ բերեցին: Դրա համար Թուրքիան ստիպված եղավ վճարել սիրիացիների ատելությամբ:
Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ խնդիրները նպաստեցին ԽՍՀՄ-ի հետ Դամասկոսի մերձեցմանը: Երբ 1957 թվականին Սիրիան սկսեց հեռանալ Միության ազդեցության ուղեծիր, թուրքական կառավարությունը շարունակեց ցուցադրական ռազմական գործողությունը՝ չցանկանալով փչացնել հարաբերություններն արաբական ամբողջ աշխարհի հետ:
Թուրքիան, սակայն, կարողացավ իր դեմ հանել արաբական երկրներին: 1980-ականներին Սիրիայի հետ մշտական վեճերը հանգեցին նրան, որ Սիրիայի այն ժամանակվա նախագահ Հաֆեզ Ասադը սկսեց աջակցել Քրդական աշխատավորական կուսակցությանը:
Արդյունքում Թուրքիայի ներխուժումն ավելի քան երբեւէ մոտ թվաց: 1998 թվականին թուրքական բանակը հերթական անգամ հավաքվեց սիրիական սահմանի մոտ եւ Դամասկոսից պահանջեց դադարեցնել ՔԱԿ-ին աջակցությունը: Սիրիան ստիպված էր զիջել:
Պատմականորեն Թուրքիան անհանգստանալու բազմաթիվ պատճառներ ունի, որ ՔԱԿ-ն ապաստան կգտնի Սիրիայում, մինչդեռ վերջին իրադարձությունները նաեւ Իսլամական պետությունից վախենալու լուրջ պատճառներ ունի:
1930-ականներին Թուրքիան ստացավ Հաթայն ու կորցրեց Սիրիան: 1998-ին նա կարողացավ կանգնեցնել քաղաքացիական պատերազմը: Եթե Անկարան հույս ունի, որ այսօր սպառնալիքի եւ ռազմական ուժի խառնուրդը կարող է լուծել հարցը, հնարավոր է՝ ճիշտ է: Բայց եթե զենքով կարելի է դիմակայել քրդերին կամ ջիհադականներին, ապա մեկ բանում Թուրքիան մինչեւ հիմա հաջողության չի հասել. հարավային սահմանին կայունության»:





























