2011թ. Լիբանան է գաղթել մոտ 1.5 մլն սիրիացի. դա Լիբանանի բնակչության ավելի քան մեկ քառորդն է։ Իշխանությունները մի կողմ են քաշվել, այդ պատճառով տեղական եւ միջազգային կազմակերպությունները միավորվել են, որպեսզի ինչ-որ կերպ օգնեն եւ՛ փախստականներին, եւ՛ լիբանանցիներին։ Դա շատ կարեւոր է մի երկրում, որի գլխին պտտվում է պատերազմի ստվերը, որտեղ չեն վերանում քաղաքական տարաձայնությունները գրում է ֆրանսիական  Le Journal International թերթը։

«Լիբանան ժամանած փախստականները տարբեր տարիների այնտեղ թողել են իրենց պատմության ու մշակույթի հետքը։ Բեյրութի Բուրջ ալ Համուդ թաղամասով զբոսանքը ստիպում է մտորել 1915թ. օսմանյան ցեղասպանության տարիների հայերի ներգաղթի մասին։ 1940-1950-ական թթ. Լիբանան էին ժամանել Պաղեստինի փախստականները։ Նրանց ընդունելության հետ կապված բախումները վերաճեցին 1975-90թթ. քաղաքացիական պատերազմի։

Այն միտքը, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմում մեղավոր էին պաղեստինցիները կասկածներ է առաջ բերում առհասարակ փախստականների հանդեպ՝ որպես անհուսալի մարդկանց։ Սիրիացիների նկատմամբ անհանդուրժողականության աստիճանը նվազեցնելու համար նրանց կոչում են ոչ թե փախստականներ, այլ տեղափոխվածներ։

Լիբանանի քաղաքական ճամբարները բաժանվել են Դամասկոսի ռազմական ուժին դեմ եւ կողմ խմբերի միջեւ։ Միաժամանակ Լիբանանում հասարակ սիրիացիների նկատմամբ վերաբերմունքն այլ էր. «սիրիացի բանվոր» արտահայտությունը գասթարբայթերի հոմանիշն էր դարձել։ Նրանք էլ դարձան քավության նոխազ, որոնց վրա բարդեցին գործազրկության մեղքը։

Մինչեւ 2014թ. երկրի կառավարությունը փախստականների ճամբարներ չէր բացում։ Թեեւ 2014թ. սեպտեմբերին պետությունը 2 նման ճամբար բացեց, երկրում արդեն կա 1500 ինքնաբուխ ստեղծված բնակավայր։

Ինչպես նշում է փախստականների հասարական աջակցության կազմակերպիչ Հաբուբա Աունը, ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) ամեն բան չէ արձանագրվում։

ՄԱԿ սննդի համաշխարհային ծրագիրը յուրաքանչյուր օրինական ներգաղթյալի ամսական 30 դոլար է հատկացնում։ Սակայն սննդի եւ հիգիենայի հարցը կրիտիկական է մնում։ «Լիբանանը առանց այդ էլ մեծ ռեսուրսներ չունի։ Ջուր չկա, իսկ խմել բոլորն են ուզում։ Չկա էլեկտրականություն»,- նշել է Աունը։ Պետությունը հոսանքը միացնում է օրական 3-12 ժամ։

Դեռեւս 2014թ. Human Rights Watch-ը դատապարտել էր 45 համայնքները, որոնք պարետային ժամ էին սահմանել նոր ժամանածների համար։ Լիբանանի սահմանների մոտ ԻՊ-ի վախը լավ հայտնի լարվածության արատավոր շղթա է ստեղծում»,- ասված է հոդվածում։