Հայաստանը միգրացիոն քաղաքականությանը տեխնիկական աջակցության մասին նոր համաձայնագրի հարցով բանակցությունների առաջին փուլում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության վարչության ղեկավարի տեղակալ Խոսե Նավարրոն:

Ամենայն հավանականությամբ, համաձայնագիրը կկնքվի Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ, որն այսօր եվրոպական 14 պետություն է ներառում:

Օգնություն կցուցաբերվի միգրացիոն քաղաքականության եւ սահմանների կառավարման հարցում: Երկու ոլորտներում էլ Հայաստանը նախագծեր է իրականացնում եվրոպական աջակցությամբ:

«Մենք 3 գործող նախագիծ ունենք՝ միգրացիայի հարցերով, եւս մեկ խոշոր նախագիծ էլ՝ Վրաստանի հետ սահմանային երեք անցակետերի նորացման հարցով»,- հիշեցրեց Նավարրոն: Նա նաեւ հավելեց, որ ակնկալվող նախագիծը հիմքեր կդնի ԵՄ-ի եւ Հայաստանի հետ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունների գործընթացի համար:

Նոր նախագծի հստակ նպատակները դեռեւս չեն որոշվել: Դա կարվի 2015 թվականի աշնանը եւ 2016-ի գարնանը, համաձայնագրի ստորագրման ժամանակ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարին Հայաստանը չեղյալ հայտարարեց ԵՄ անդամ 27 պետությունների, ինչպես նաեւ Նորվեգիայի, Շվեյցարիայի, Իսլանիայի եւ Լիխտենշտեյնի քաղաքացիների համար գործող վիզային պահանջը:

ԵՄ անդամ-պետությունների շրջանում վերադարձող ապօրինի միգրանտներին աջակցելու համաձայնություն տվեց Նիդեռլանդները: 2014 թվականի հուլիսին հոլանդական կառավարությունը Հայաստանի հետ համաձայնագիր կնքեց, որով այդպիսի 100 քաղաքացիների մինչեւ 1.000 եվրոյի չափով օգնություն է տրամադրվում՝ պրոֆեսիոնալ կրթության, փոքր բիզնես բացելու, անասուններ գնելու եւ այլնի համար: