Egon եւ Susana Lesizza սլովենացի զույգը պատրաստվում է «Lesizza Gold 22K» անվանումը կրող գինի արտադրել՝ պատրաստված 22 կարատանոց ուտելի ոսկուց։ Այս նպատակով նրանք իրենց նախագիծը հրապարակել են Indiegogo կայքում՝ նպատակ ունենալով դրամահավաքի միջոցով մինչեւ օգոստոսի 13-ը 35 000 ԱՄՆ դոլար հավաքել։ Դա թույլ կտա նրանց իրականացնել «ոսկե» գինի արտադրելու իրենց երազանքը։ Զույգը Lesizza Gold 22K-ը նկարագրում է որպես «նրբաճաշակության, համի եւ յուրահատկության գերազանց համակցություն», հաղորդում է Kedem-ը:

Գինին արտադրվում է Սլովենիայի խոշորագույն գինեգործարաններից մեկում՝ հիմնված 1957-ին։ Այն կներկայանա երկու համային տեսակով՝ Շարդոնե եւ վարդագույն գինի։ Զույգը Indiegogo կայքում 750 ԱՄՆ դոլար վճարած անձանց համար կկազմակերպի «Լիմուզինում» գինու համտեսման արարողություն, իսկ ահա 1000 ԱՄՆ դոլար մեծահոգաբար վճարած անձանց սպասվում է Կանկունում զբոսանավի վրա գինու համտեսում։