Հարյուրամյակի վերջին մեր մոլորակի բնակչության թիվը կհասնի 11.2 միլիարդի, իսկ 2050 թվականին Երկրի վրա 9.7 մլրդ մարդ կլինի: Այսպիսի թվեր է ներկայացրել ՄԱԿ-ի ժողովրդագրական բաժնի ղեկավարությունը:
Ի դեպ, ներկայում մեր մոլորակի բնակչության թիվը 7.3 մլրդ է: Վերլուծաբանների կարծիքով, բնակչության թիվը կավելանա արեւադարձային եւ հարավային Աֆրիկայի երկրներում անվերահսկելի ծնելիության աճի հետեւանքով: Եթե Հնդկաստանում եւ Չինաստանում ընտանիքում երեխաների թվի սահմանափակման քաղաքականություն են վարում, ապա, օրինակ, Նիգերիայում 2100 թվականին բնակչության թիվը կարող է աճել 4 անգամ:
Ըստ Informing-ի, կանխատեսումների համաձայն, աֆրիկյան ամբողջ մայրցամաքում 2100 թվականին բնակչությունը 1.2 միլիարդից կհասնի 3.4-5.6 միլիարդի: Սակայն ամենախիտ բնակեցված տարածաշրջանն Ասիան է, որտեղ 2050 թվականին բնակչության թիվը կհասնի 5.3 միլիարդի, իսկ հետո կնվազի՝ հասնելով 4.9 միլիարդի:
Փորձագետների խոսքով, Երկրի բնակչության թվի աճը կարելի է կանգնեցնել միայն այն դեպքում, եթե Աֆրիկայի երկրներում՝ Սահարայից դեպի հարավ, ծնելիությունը նվազի: Բայց առայժմ իրադարձությունների այդպիսի զարգացման հավանականությունն ընդամենը 23% է:





























