Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով այսօր՝ օգոստոսի 12-ին, նստացույց է սկսվել Գյումրիում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը՝ նշելով, որ նստացույցը տեւելու է 2 օր:
«Մեր նստացույցը միայն Երեւանով չէր սահմանափակվելու, մենք մարզերով սկսվել ենք նստացույցերի շարքը, որով շարունակելու ենք մեր պայքարը: Մեր նպատակը միայն Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելը չէ, այլ նաեւ ուղիներ փնտրելը` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Բոլորն էլ տրամադրված են իշխանությունների դեմ եւ կոնկրետ գործողությունների կողմնակից են՝ ասելով, թե արդեն համբերելու տեղ չկա»,-ասաց Գագիկ Սարուխանյանը:
Նախաձեռնության ղեկավարի խոսքով՝ նստացույցին մասնակցում են ազատամարտիկներ, հասարակ քաղաքացիներ ինչպես Գյումրիից, այնպես էլ հարակից գյուղերից եւ քաղաքներից:
Գյումրիի նստացույցից հետո այլ մարզերում եւս կազմակերպելու են նստացույցեր:
Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:





























