«Ոչ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին, ժամը` 16:00-ից, Սիրահարների այգում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ երիտասարդների համախմբման հավաք կանցկացնի։ Այս մասին այսօր`օգոստոսի 20-ին, NEWS.am-ին հայտնեց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը` ավելացնելով, որ իրենց պահանջներն անփոփոխ են:
«Մեր պահանջները չեն փոխվել` դրանք են սակագնի բարձրացման չեղարկումը, նախկին սակագնի վերանայումը` հօգուտ նվազեցման եւ հունիսի 23-ին եւ հուլիսի 6-ին ոստիկանության աշխատակիցներին պատժելը»,- ասաց ակտիվիստը` նշելով, որ սեպտեմբերի 1-ին կլինի կարծիքների փոխանակում, եւ կորոշվեն պայքարի հետագա քայլերը:
Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ այս պահին նախաձեռնության 20-30 անդամներ իրազեկման երթ են անցկացնում Երեւանի կենտրոնում` կոչ անելով քաղաքացիներին մասնակցել կայանալիք հավաքին, քանի որ բոլորի մասնակցությունը խիստ կարեւոր է:
Նշենք, որ երթը հսկում են փոքրաթիվ ոստիկաններ:




























