Հայաստանի Կառավարության որոշումը ենթադրում է տարբեր մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացում ոչ թե Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) ներսում, այլ շենքից դուրս՝ ընդհանուր տարածքում: Այս մասին օգոստոսի 21-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ք այդպիսի համալիրը չպետք է պետության վերահսկողության ներքո լինի:

Նախարարի խոսքով, ՄՀՀ-ն կպահպանի անունը (Կարեն Դեմիրճյանի անվան), իսկ գործունեության հիմնական ուղղությունները կլինեն պատմամշակութային միջոցառումները: «Այդ միջոցառումները մեր բոլորի օգտին կլինեն, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Ամենակարեւորն այն է, որ ընկերության սեփականատերը լուրջ ներդրում է անելու ՄՀՀ-ի զարգացման ուղղությամբ: Կարծում եմ՝ միջոցառումները, ինչպես նաեւ մասնավորեցման գործընթացը, վերահսկողության տակ են: Մենք դրան հետեւելու հնարավորություն կունենանք»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Այդ գործընթացը, ըստ նրա, միայն ու միայն ուղղված կլինի մեր մշակութային միջոցառումներն ավելի բարձր մակարդակով անցկացնելուն: «Վերջապես, մենք շփվում ենք բազմաթիվ երկրների ներկայացուցիչների հետ, այցելում ենք տարբեր կառույցներ: Պետք է ՄՀՀ-ից պատշաճ տեսք հաղորդենք»,- ասաց պաշտպանության նախարարը:

Հարցին, մտավախություններ չկա՞ն այն առիթով, որ ՄՀՀ-ն մասնավոր ընկերություն է գնել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա վտանգավոր է: Համալիրը գտնվում է Հայաստանի տարածքում: Չեմ կարծում, որ այն թեւեր կառնի ու կթռչի»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ի որոշմամբ Կառավարությունը ՄՀՀ-ն 30 մլն դոլարով վաճառեց «ՆՏԱԱ Ինվեսթմենթ գրուփ» ընկերությանը: Ծրագրվում է վերանորոգել շենքը ու այնտեղ ընտանեկան հանգստի համալիր ստեղծել: Նախագծում ներդրումների չափը պետք է կազմի նվազագույնը 100 մլն դոլար: