Երկու որդիներին կորցրած Լյուսյա Ավանեսյանին 20 տարի անց հաջողվել է գտնել թոռնիկին:
Ժպտուն կինը, որին ծանոթները քնքշորեն Լյուսյա մորաքույր են կոչում, բազմաթիվ կորուստներ է ունեցել: Լյուսյան ծնողներին կորցրել է 4 տարեկանում: Երեք քույրերի եւ երկու եղբայրների հետ միասին Լյուսյային Հադրութի շրջանից տեղափոխում են Բաքվի մանկատուն: «Մորս գրեթե չեմ հիշում: Շատ փոքր էի: Բայց մենք, չնայած կորցրել էինք մեր ծնողներին, շատ մտերիմ էինք, միշտ օգնում էինք միմյանց»,- պատմում է Լյուսյա մորաքույրը:
Մանկատնից հետո Լյուսյան ավարտում է ուսումնարանը: 17 տարեկանում ամուսնանում է Արամայիս Ավանեսյանի հետ եւ մեկ տարի անց լույս աշխարհ բերում առաջնեկին՝ Բորիսին: Այնուհետեւ ծնվում է կրտսեր որդին՝ Էդուարդը: Երբ Լյուսյա Ավանեսյանը 32 տարեկան էր, սարսափելի հիվանդությունը խլում է ամուսնուն:
Երեխաները մեծանում են, ծառայում բանակում: Կրտսերը բնակություն է հաստատում Յակուտիայում: Ավագը մոր հետ ապրում է Բաքվում: Երբ Ադրբեջանում հակահայկական ակցիաներ են սկսվում, Բորիսին փորձում են շինծու մեղադրանքով բանտարկել:
Լյուսյա Ավանեսյանը Բաքվի 3 սենյականոց բնակարանը փոխանակում է Վարդենիսում բնակարանի հետ:
Շուտով երկու որդիներն էլ վերադառնում են Հայաստան՝ մոր մոտ: «Ավագ որդիս ամուսնացավ, հարսս բացառիկ լավ կին է»,- պատմում է Լյուսյա մորաքույրը: Սակայն Բորիսը հիվանդանում է եւ 2008 թվականին վախճանվում:
Կրտսեր որդի Էդուարդը կնոջ՝ Նատաշայի հետ բնակվում էր Ստեփանակերտում: «Ես չգիտեի, որ նա մեկնում է Ղարաբաղ՝ պատերազմելու: Թաքցնում էր ինձանից»,- պատմում է Լյուսյա Ավանեսյանը եւ հավելում. «Իսկ ես նրա համար այնքան հանգիստ էի: Միշտ հավասարակշռված էր»:
1993 թվականին Նատաշան հղիանում է: Բայց շուտով դադարում են Էդուարդից հեռագրեր ստանալ:
Լյուսյա մորաքույրը մեկնում է Ղարաբաղ. ոտքով կամ ճանապարհին հանդիպող զինվորական բեռնատարներով: Որդու եւ հարսի լուսանկարներով շրջում է բոլոր գյուղերով: Այստեղ էլ նրան հաղորդում են, որ որդին՝ Էդուարդ Ավանեսյանը (ծնվ. 11.12.1959թ.), հետախույզ է եղել, անհետ կորել է: Ենթադրաբար՝ 1993 թվականի նոյեմբերին:
Այնպես է ստացվել, որ Լյուսյա մորաքույրը հարսի հետ կապ չի պահել: 1996-ին մեկնում է Ուկրաինա (Նատաշան ծնունդով այնտեղից էր): Հարսին չի հանդիպում, գործուղման էր: Սակայն տեսնում է նրա ծնողներին, թողնում իր հասցեն: Նատաշան չի պատասխանում: Բազմաթիվ տարիներ են անցնում, Լյուսյա մորաքույրը նույնիսկ փորձում է հեռուստատեսությամբ գտնել հարսին եւ թոռանը: Իսկ 2013 թվականին անսպասելիորեն Նատաշան ինքն է զանգահարում եւ տեղեկացնում, որ հասցեն կորցրել է, բայց մայրը պատահաբար գտել է այն: 2014-ին ԿԽՄԿ-ի օգնությամբ Լյուսյա մորաքույրը մեկնում է Մոսկվա, որտեղ ներկայում ապրում է Նատաշան որդու՝ Կոստյայի հետ:
Լյուսյա մորաքրոջ թոռնիկը հիմա 22 տարեկան է: «Ես շատ ուրախ էի հանդիպման համար: Նաեւ Բաքվից այլ փախստականների հանդիպեցի, որոնք հաստատվել են Մոսկվայում: Ինձ հետ լուսանկարների ալբոմ բերեցի»,- պատմում է Լյուսյա մորաքույրը:
Կոնստանտինը շատ է ցանկանում Հայաստան գալ, բայց ամենից շատ՝ լինել այնտեղ, որտեղ իր ծնողները պայքարել են:




























