Մարիամ Պողոսյանի որդին՝ Անդրանիկը, անհետ կորել է 1994 թվականին, Ամանորի նախաշեմին: Չորս երեխաների մայրը հիշողությունները պատմել է NEWS.am-ի թղթակցին:
«Անդրանիկն ավագ որդիս է: Սկեսուրս եւ հայրս պատերազմել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, սկեսուրս զոհվել է: Անդրանիկը պապիկներին էր նման, պաշտում էր զենքը, որսը: Պատահում էր՝ արթնանում էր առավոտյան 4-ին եւ շան հետ որսի գնում»,- պատմում է Մարիամ Պողոսյանը:
Անդրանիկին (ծնվ. 10.02.1974թ.) բանակ են տանում 1993 թվականի գարնանը: Զորամասը, որտեղ ծառայում էր պատանին, տանից հեռու չէր: «Դեկտեմբերի 23-ի առավոտյան Անդրանիկը զորամաս էր վերադառնում: Գլխարկը մոռացել էր: Կանչեցի՝ թե մոռացել ես: Ժպտաց, պատասխանեց՝ լավ, առիթ կլինի, եթե դիրքեր ուղարկեն, տուն կվազեմ՝ քեզ տեսնելու: Այլեւս երբեք նրան չտեսա»,- հոգոց է հանում Մարիամ Պողոսյանը:
Ավելի ուշ պարզվում է, որ որդուն Քարվաճառ են ուղարկում: «Դեկտեմբերի 31-ին պատրաստվում էինք նշել Ամանորը: Կրտսեր երեխաներս խնդրում էին տոնածառ զարդարել, իսկ ես անընդհատ մերժում էի, մինչեւ Անդրանիկը գա»,- հիշում է տիկին Մարիամը:
Սարսափելի լուրը բերում է տեգոր որդին. «Ասաց, որ ադրբեջանցիները հարձակվել են դիրքերի վրա: Գիտակցությունս կորցրի, ոչինչ չեմ հիշում»:
Հարձակման հետեւանքով 15 հայ զինծառայողներ են զոհվում: Անդրանիկն ու Հրազդանից 5 զինվորներ անհետ կորում են: «Ծառայակիցն ասում է՝ Անդրանիկը շեղում է ուշադրությունը, եւ իրենք կարողանում են վերցնել զոհերի մարմիններն ու դուրս գալ շրջափակումից: Մյուսներն ասում են՝ Անդրանիկը գլխից վիրավոր էր»,- ասում է Մարիամ Պողոսյանը:
Չնայած որոնումներին, Անդրանիկի ճակատագրի մասին որեւէ վկայություն գտնել չի հաջողվում: Նա անհետացել է 1993 թվականի դեկտեմբերի 30-ին:




























