12-ամյա Կարենն ու 10-ամյա Կարինեն սեպտեմբերի 1-ից նորից ստիպված են լինելու ամեն օր 12 կիլոմետր քայլել՝ դպրոց հաճախելու համար:

Դպրոցահասակ երեխաները բնակվում են Տավուշի մարզի Իջեւան քաղաքից դուրս գտնվող, մասնավոր սեփականության տարածքում տեղակայված վագոն-տնակում: Երեխաների հայրը՝ Գեղամ Սարգսյանը, տան միակ աշխատողն է. ստացած չնչին աշխատավարձը չի բավարարում ընտանիքի ծախսերը հոգալուն:

1 սենյականոց վագոնում նույնիսկ տարրական կենցաղային պայմաններ չկան. հեռուստացույցն անգամ երազանք է Կարինեի եւ Կարենի համար: Վագոնն էլ, որը ժամանակավոր են տրամադրել ընտանիքին, արդեն փլուզման եզրին է:

«Յուրաքանչյուր օգնություն Սարգսյանները կընդունեն, երեխաներին առաջնայինը հագուստ եւ սնունդ է հարկավոր: Գեղամն էլ Տավուշի մարզի Չինչին գյուղից է, շատ է ցանկանում գյուղ վերադառնալ եւ հողագործությամբ կամ անասնապանությամբ զբաղվել: Միայն պետք է մարդիկ լինեն, որոնք կօգնեն ընտանիքին բնակություն հաստատել գյուղում»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Հույս Հային» բարեգործական նախաձեռնությունից:

Սարգսյանների ընտանիքին հագուստով եւ սննդով օգնողները կարող են կապ հաստատել նախաձեռնության կազմակերպիչ Սմբատ սարկավագի հետ հետեւյալ հեռախոսահամարով՝ 077 818 744: