Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող Glass World Company ընկերության շուրջ 320 աշխատակից այսօր՝ օգոստոսի 25-ին, 1 ամսվա աշխատավարձը ստացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից տիկին Անահիտը՝ հավելելով, որ կին աշխատակիցների 2 ամսվա, իսկ տղամարդկանց 4 ամսվա աշխատավարձը դեռ չի վճարվել և ընկերության տնօրինությունը խոստացել է շուտով վճարել:

«Մեզ բոլորիս խոստացել են, որ մինչև վերջ կվճարեն:  Օգոստոսի 1-ից չենք աշխատում, ի սկզբանե աշխատողներից ոչ ոք մինչև վերջ չի ստացել իր աշխատավարձը, բոլորին էլ պարտք են»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Glass World Company ընկերության աշխատակիցները գործարանի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով: