Նորվեգացի Քրիստիան Լինդգրենը 18 տարեկանում թողել է դպրոցն ու սկսել շրջել աշխարհով՝ արկածներ որոնելով, ինչպես նաեւ հանուն լուսանկարչության հանդեպ սիրո: Հիմա՝ 27 տարեկանում, նա հասցրել է լինել 97 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, եւ բազմաթիվ հետաքրքիր լուսանկար է արել: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Mail»-ը:

«Ճամփորդությունն իր արյան մեջ է դեռեւս մանկուց: Ե՛վ ծնողները, ե՛ւ տատիկս ու պապիկս շատ են ճանապարհորդել: Մեր տանը տարբեր երկրներից հուշեր կան»,- պատմել է Քրիստիանը:

Անվախ պատանին իր խնայողություններով օդանավի առաջին տոմսն է գնել եւ սկսել 9-ամյա ճամփորդությունը: Ուր էլ եղել է՝ աֆրիկյան արեւադարձային անտառներից մինչեւ Պակիստանի լեռները, երբեք հետ չի նայել, չնայած ոչ միշտ է ամեն ինչ հարթ ընթացել:

Ճանապարհորդը ոչ միայն վայելել է տարբեր երկրների հարուստ մշակույթը, այլեւ զանազան գործեր է արել՝ իր ուղեւորության համար ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով: Նա դասավանդել է, գյուղատնտեսական աշխատանք կատարել, նույնիսկ որոշ ժամանակ անցկացրել դայվինգի կենտրոնում:

Հայաստանում Քրիստիանն այցելել է Խոր Վիրապ, որը գտնվում է Արարատյան դաշտում, Արարատ լեռան ստորոտին: Այստեղ նա Արարատի ֆոնին վանքի հիասքանչ լուսանկար է արել: