ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ հանդիպման հիմնական առանցքը լինելու է բուհերում գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների քննարկումը` ելնելով պետական գերակայության քաղաքականությունից:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս տարվա նորամուծությանը՝ անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների փոխհատուցմանը բուհի միջոցների հաշվին՝ ըստ նախարարության հաստատած մասնագիտությունների եւ տեղերի քանակի: «Հատկացված տեղերը պետք է նախատեսել մինչ ուսումնառության ավարտ՝ ըստ ռոտացիոն սկզբունքի»,- նշել է Արմեն Աշոտյանը:
«ՀՀ կառավարությունը հաջորդ տարի 2500 ուսանողի համար նախատեսել է բյուջետային միջոցներ, որպեսզի անապահով ընտանիքների համակարգում ընդգրկված եւ ՄՕԳ-ի համապատասխան նիշ ունեցող ընտանիքների ուսանողները ստանան 50-100 տոկոս զեղչ՝ որպես պետության կողմից փոխհատուցում»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի մյուս՝ օրենքից բխող ուսման վարձավճարների զեղչերի ամբողջական իրականացման խնդրին:
«Ներկայումս նախարարությունը հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե ինչպես է այս նոր համակարգը աշխատում բուհերում եւ ինչպես է պահպանվում 7 տոկոս զեղչային ֆոնի շեմը: Պատահական չէ, որ մեր հանդիպման օրակարգի առաջին հինգ հարցերը սոցիալական բնույթի են, քանի որ արվում է հնարավորը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ուղղված պետական քաղաքականությունն ավելի նպատակային դարձնելու, կրթության իրավունքի իրականացման նպատակով նրանց համար բոլոր նախադրյալները ստեղծելու համար: Կառավարությունը կփորձի անել հնարավորը՝ ամենավերջին լավ սովորող ուսանողին օգնելու համար»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձի զեղչի եւ վերջիններիս անհատական մուծման գրաֆիկի հնարավորության հարցին:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ այս տարի եւս ՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներում կիրականացնի նպատակային քաղաքականություն: Մասնավորապես, նախորդ տարի սահմանված 14 սահմանամերձ համայնքների թիվը կընդլայնվի՝ հասնելով 31-ի: Բացի այդ, առաջին կուրսում վերոնշյալ սահմանամերձ համայնքների ուսանողների համար ուսման վարձավճարի զեղչը կկազմի 10 տոկոս, մնացած կուրսերում՝ 20 տոկոս, եթե ուսանողը հաղթահարում է ՄՕԳ-ի շեմը:
Նախարարն անդրադարձել է նաեւ բուհերում ներքին աուդիտի իրականացմանը՝ ռեկտորներին հանձնարարելով բուհերի ներքին կանոնակարգման իրավական ակտերը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ հաջորդ տարվա բուհական ընդունելության կազմակերպմանը՝ ըստ նոր մասնագիտությունների ցանկի եւ կրթական ծրագրերի, ինչպես նաեւ հորդորել է, որպես ռեկտորների խորհրդի անդամներ եւ ՀՀ բուհերի ղեկավարներ, կարծիք ներկայացնել «Կրթության զարգացման պետական ծրագրի 2016-25թթ.» նախագծի վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ ԵԲԿՏ 2020 հիմնական սկզբունքների ներդրման միջոցառումների ցանկի մշակման եւ հաստատման հարցը՝ հիմք ընդունելով ՀՀ Նախագահի եւ Կառավարության հաստատած ՀՀ-ԵՄ ընդլայնման ծրագիրը:
Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաեւ բուհերում ուսանողների կրթական իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ տեղեկատվության բարձրացման, ուսանողների հետ համապատասխան մանկավարժական աշխատանք իրականացնելու եւ պատշաճ շփում ապահովելու հարցին: Այդ համատեքստում նախարարը ռեկտորներին առաջարկել է ամենօրյա հանդիպումներին զուգահեռ ամիսը մեկ անգամ ուսանողների համար սահմանել ռեկտորի ընդունելության օր:




























