Հանրապետությունում հուլիսին իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 16277 գործարք, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 16.6 %-ով պակաս է:
Գործարքներն ըստ տեսակների ունեն հետեւյալ բաշխվածությունը. 4611 օտարման գործարքի 73.4 %-ը կազմել է առուվաճառքը, 25.9 %-ը` նվիրատվությունը եւ 0.7 %-ը՝ փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 40.1 %-ն արձանագրվել է մայրաքաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.8 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
Ըստ վիճակագրական տվյալների՝ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների կեսից ավելին արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Այնուամենայնիվ, անցած տարվա համեմատ գործարքները նվազել են 11.6 %-ով:
Հետաքրքրական է, որ հունիսի համեմատ՝ Կենտրոն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները չեն փոխվել: Մյուս համայնքներում գներն աճել են, սակայն չնչին տարբերությամբ:
Գրեթե նույն պատկերն է նաեւ մարզերում, որտեղ անցած տարվա համեմատ՝ գործարքները նվազել են 11.8 %-ով:
Երեւանից դուրս՝ բնակարաններն ամենաթանկն են Ծաղկաձորում (1 քմ՝ 292 հազար դրամ), Աբովյանում (1 քմ՝ 155 հազար դրամ), Էջմիածնում (1 քմ՝ 154 հազար դրամ), Նոր Հաճնում (1 քմ՝ 128 հազար դրամ), Եղեգնաձորում (1 քմ՝ 125 հազար դրամ), Գորիսում (1 քմ՝ 122 հազար դրամ): Կուրորտային Ծաղկաձորում բազմաբնակարան շենքերի 1 քմ-ն նույն արժեքն ունի, ինչ որ Երեւանի գրեթե բոլոր համայնքներում:
Երեւանամերձ քաղաքներում բնակարանների արժեքները պայմանավորված է նրանով, որ մայրաքաղաքի բնակիչների մի մասն այսօր նախընտրում է բնակարան ձեռք բերել քաղաքից դուրս: Հետաքրքիր է, որ բնակարանները թանկ են մայրաքաղաքից 120 կմ հեռու գտնվող Եղեգնաձորում: Համեմատության համար նշենք, որ նույն մարզում գտնվող կուրորտային Ջերմուկում 1 քմ-ն 112 հազար դրամ է:
Մայրաքաղաքից դուրս ամենաէժան բնակարանները Լոռու մարզում են. եթե մարզկենտրոն Վանաձորում 1 քմ-ն արժե 88 հազար դրամ, ապա Շամլուղում՝ 8 հազար դրամ: Նույն արժեքն է նաեւ Սյունիքի Դաստակերտ քաղաքում:
Հունիսի համեմատ՝ մարզերում բնակարանների գներն աճել են ընդամենը 0,1 տոկոսով:
Հարկ է նշել, որ Հայաստանում որպես կանոն բնակարանները վաճառում են եւ գնում են դոլարով: Իսկ դոլարի փոխարժեքն արդեն անցած տարվա նոյեմբերից կտրուկ աճել է: Մինչդեռ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հուլիսին բնակարանների առուվաճառքի գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Սա նշանակում է, որ Հանրապետությունում առնվազն 10-15 տոկոսով բնակարաններն էժանացել են:





























