Ճանապարհորդների համար նախատեսված Travel + Lesure ամերիկյան ամսագիրը կազմել է աշխարհի ամենաանբարեհամբույր քաղաքների վարկանիշային աղյուսյակը։ Վարկանիշը կազմվել է ամսագրի մոտ 2 հազար ընթերցողների  քվեարկության արդյունքներով։ Նրանց խնդրել են գնահատել աշխարհի 226 քաղաքները՝ ըստ ամենատարբեր չափանիշների՝ սկսած գներից մինչեւ մարդկանց բարեհամբույր վերաբերմունքը։ 30 ամենաանբարեհամբույր քաղաքների վարկանիշը գլխավորում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվան։

T+L-ի ընթերցողները նշել են, որ մոսկվայաբնակները առանձնապես չեն օգնում զբոսաշրջիկներին։ Զբոսաշրջիկներին դուր չի գալիս նաեւ ճանապարհների վիճակը, տեղաբնակների «անտեղյակությունը»  եւ հանրային սննդի վատ վիճակը։

«Անբարեհամբույր ցուցակի» երկրորդ տեղում է ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքը, որը հայտնի է իր խաղատներով։ Զբոսաշրջիկներին դուր չեն գալիս ո՛չ տեղաբնակները, ո՛չ քաղաքի տեսքը։

ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը նույնպես բարեհամբույրությամբ աչքի չի ընկել։ Այն զբաղեցնում է վարկանիշի 3-րդ հորիզոնականը։ Զբոսաշրջիկները նշել են, որ իրենք հիացած են մնում քաղաքի ճարտարապետությամբ, սակայն հիասթափվում են բնակիչների հետ շփվելիս, հայտնում է Meduza-ն։

Անբարեհամբույր քաղաքների առաջին 15 հորիզոնականներում են հայտնվել նաեւ Մարսելը, Կաննը, Պեկինը, Ֆրանկֆուրտը, Նյու Յորքը, Վաշինգթոնը, Լոս Անջելեսը։

Ամենաբարեհամբույր քաղաքների ցուցակը գլխավորում է իռլանդական Գոլվեյը, որին հաջորդում են Չարլզթաունը (Հարավային Կարոլինա)եւ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը։