Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկված համակարգը որեւէ կապ չունի խորհրդարանական կառավարման մոդելի հետ, այլ ստեղծվելու է համակարգ, որը տոտալիտար կառավարում է ենթադրում: Այդ մասին «Ո՛չ»-ի ճակատի համաժողովում ասել է «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
«Այսօրվա քաղաքական օրակարգի համար մեկ հարցը սահմանադրական փոփոխություններն են: Դրանք կատարվում են Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կազմակերպելու համար: Իշխանությունը փորձելու է կիրառել տարբեր գործիքներ՝ ուժից մինչեւ կեղծ ինֆորմացիայի տարածում, ուստի պետք է համախմբվել՝ փոփոխությունների դեմ պայքարելու համար»,- նշել է նա:
Ըստ Գրիգորյանի, առաջարկված համակարգը որեւէ կապ չունի խորհրդարանական կառավարման մոդելի հետ, այլ ստեղծվելու է համակարգ, որը տոտալիտար կառավարում է ենթադրում, եւ Հայաստանը բռնելու է Հյուսիսային Կորեայի ճանապարհը: «Սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է քննարկվի փողոցում, իշխանությունը պետք է պատասխան տա, թե ինչ է արել, պատասխան տա, թե որքան մարդ է արտագաղթել»,- նշել է Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով, իրենք փորձում են ընդլայնել ճակատը, նախատեսում են գործողությունների շարք: Նշմարվում է Գյումրիում ցույց անցկացնելու օրակարգը, եւ փողոցային գործողությունների մեկնարկը տրվելու է Գյումրիում:
Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն էլ նշեց, որ իրենք փորձել ենք դահլիճ գտնել Երեւանի բոլոր հյուրանոցներից, եւ բոլոր տեղերում մերժել են: «Մենք դա գնահատում ենք տոտալ վերահսկում: Դա ցույց է տալիս, որ իշխանությունները անհանգստացած են, եւ «Ոչ»-ի ճակատի ստեղծումից վտանգ են զգում, նաեւ խոչընդոտում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,- նշել է նա:
Ի դեպ, նախաձեռնությունը այլընտրանքային լուծում է գտել, համաժողովն անցկացնում է ՀԺԿ գրասենյակի տարածքում:





























