Վոլգոգրադի «Frant'Эль» ռեստորանի հարեւանությամբ մարտական զենքի կիրառմամբ հրաձգության հեղինակը, որի ընթացքում հայեր են վիրավորվել, ոստիկանության լեյտենանտ է, որի մայրը՝ Ելենա Բրուլյովան, այդ պահին ՆԳՆ քաղաքային վարչությունում բարձր պաշտոն է զբաղեցրել:
Բրյուլովան ՆԳՆ-ում աշխատել է ավելի քան 20 տարի: LifeNews-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 21-ին նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել եւ 22-ից թոշակի անցել: Աշխատանքից ազատվել է նաեւ նրա որդին՝ նույնպես ոստիկանությունում աշխատող Անտոն Բրուլյովը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, Վոլգոգրադի շրջանի Դերժինսկու թաղամասում՝ Կաչինսկի շուկայի մոտ։ Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել հարբած երիտասարդներին, որոնք հարսանիքից էին վերադառնում։ Լսելով մերժումը՝ նրանք ծեծել են տաքսու վարորդին, որը օգնության է կանչել իր ազգականին։ Հենց նա էլ, նախնական տվյալներով, ատրճանակից կրակ է բացել հարձակվողների ուղղությամբ։
Միջադեպի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել։ Վիրավորներից մեկը 22-ամյա Արմեն Եղիազարյանն է. նա աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել, եւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը ձախ կոնքի հրազենային վիրավորում է ստացել ու տեղափոխվել բաժանմունք։




























