Վանի ամրոցում անցկացվող պեղումների ընթացքում ստացված նոր տվյալները ցույց են տվել, որ Վանա լիճը 7000 տարի առաջ ավելի փոքր է եղել եւ ժամանակի ընթացքում մեծացել է՝ հասնելով այժմյան չափերին: Այս մասին գրում է թուրքական «Hürriyet Daily News» պարբերականը:

«Մ.թ.ա. 5000 թվականին Վանի ժողովուրդը բնակվել է այսօրվա մակարդակից 3 մետր ավելի ներքեւ, եւ լիճն էլ ավելի ցածր մակարդակի վրա է եղել»,- ասել է Ստամբուլի համալսարանի Վանի տարածաշրջանի պատմության եւ հնագիտության կենտրոնի ղեկավար Էրքան Կոնյարը:

Վանա լիճը 430 կմ երկարություն եւ 450 մետր խորություն ունի: Կոնյարի թիմը պեղումներ է անցկացնում մակերեւույթից 2 մետր ավելի ներքեւ: «Ենթադրությունները, որ ամրոցը նավահանգիստ է եղել, հերքվում են այս տարվա հնագիտական տվյալներով, քանի որ Վանա լիճը երբեք չի հասել Վանի ժայռային վայրերի մակարդակին: Այն նավահանգիստ չի եղել, եւ Տուշպան ափամերձ քաղաք չի եղել»,- ասել է նա Ուրարտուի թագավորության մայրաքաղաքի մասին:

Համալսարանները պեղումներ են անցկացնում՝ մ.թ.ա. 860 եւ 590 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում Ուրարտուի բնակիչների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Վանի Հին քաղաքի, Վանի ամրոցի եւ Վանա լճի պեղումները կարեւոր տեղեկություններ են բացահայտել տարածաշրջանի պատմության մասին:

Տուշպայում Վանա լճի ափին շան կմախք են հայտնաբերել, որը, ըստ մասնագետների, շուրջ 3000 տարեկան է: Կոնյարի խոսքով, այն, ամենայն հավանականությամբ, հովվի շուն է եղել: