Ռուսաստանը պետք է Սիրիայում իր ռազմական գործողությունները համակարգի մյուս երկրների հետ, որոնք օդային հարվածներ են հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասերը «Սպուտնիկ» գործակալությանը:
«Ռուսաստանը միակ երկիրը չէ,որը որոշել է օդային հարվածներ հասցնել, ես հույս ունեմ, որ դա համաձայնեցված է մյուսների հետ: Մենք պետք է թույլ չտանք, որ մրցակցություն առաջանա նրանց միջեւ, ովքեր մտադիր են պայքարել չարիքի դեմ, ինչպիսին էլ որ այն լինի »,- հայտարարել է Բրասերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: ԵԽԽՎ ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային տիրությունները տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայում ճգնաժամի լուծման վերաբերյալ:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է փոխըմբռնման հասնենք ՝ եվրոպացիները, որպես եվրոպական համայնք, ԱՄՆ –ը եւ Ռուսաստանը, որպեսզի ճգնաժամը լուծելու ուղիներ գտնենք »,- հավելել է Բրասերը:
Չորեքշաբթի սենատորները համաձայնություն են տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ Սիրիայում ՌԴ զինված ուժերն օգտագործելու վերաբերյալ: Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնել է, որ խոսքը Ռուսաստանի ՌՕՈւ գործողության մասին է, որի նպատակն է պայքարել ահաբեկչության դեմ Ռուսաստանի հեռավոր մատույցներում: Այսպիսով, գործողության շրջանակում Ռուսաստանը միայն իր ազգային շահերն է պաշտպանելու:





























