Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալների համաձայն՝ առեւտրի շրջանառությունը հոկտեմբերին տարեկան կտրվածքով պակասել է 11.2 տոկոսով: Ինչպես հայտնի է, այսպես կոչված «առեւտրաշրջանառությունը» ներառում է ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ շրջանառությունը, ինչպես նաեւ մարդատար մեքենաների վաճառքի ծավալները: Առավել մանրամասն տվյալները հասանելի կլինեն նոյեմբերին: Սակայն, դատելով հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի տվյալներից՝ մանրածախ վաճառքը կայուն կրճատվել է:
Հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում «առեւտրաշրջանառության» տարեկան անկումը կազմել է 5.6 տոկոս, իսկ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների անկումը՝ 7.6 տոկոս: Միաժամանակ կրճատվել է մեծածախ վաճառքի ծավալը՝ 1.9 տոկոս: Մարդատար մեքենաների վաճառքը պակասել է 8.6 տոկոսով: Սակայն բնութագրականը հենց մանրածախ ապրանքաշրջանառության անկումն է, որի բաժինը բավական մեծ է (հունվար-սեպտեմբերին՝ ավելի քան 58 տոկոս):
Արդեն նշել էինք, որ ֆիզիկական ծավալի անկման հետ մեկտեղ պակասում է նաեւ ընթացիկ գներով մանրածախ ապրանքաշրջանառությունը: Պարզ ասած՝ առեւտրում հիմա ավելի քիչ գումար է շրջանառվում, քան առաջ:
Այսպես՝ հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում մանրածախ առեւտրի ծավալները ընթացիկ գներով պակասել են 39.7 մլրդ դրամով կամ 4.0 տոկոսով: Նշենք, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում ֆիզիկական անձանց արտաքին փոխանցումների քանակը 115 մլրդ դրամով պակասել է:
Այդ ժամանակահատվածում առեւտրի բացասական միտումները պայմանավորված էին խանութներում ապրանքների վաճառքի ծավալների կրճատումով՝ 43.6 մլրդ դրամով: Տոնավաճառներում եւ շուկաներում 5.8 մլրդ դրամի վաճառքի աճը միայն մասամբ է փոխհատուցում խանութներում վաճառքի անկումը:
Աշխարհագրորեն առեւտրի անկման «մեղավորը» Երեւանն է: Ընթացիկ գներով մայրաքաղաքային մանրածախ ցանցում վաճառքի ծավալները կրճատվել են 82.5 մլրդ դրամով, այդ թվում՝ խանութներում 60.2 մլրդ դրամով, բենզալցակայաններում եւ գազալցակայաններում՝ 24.8 մլրդ դրամով: Չնչին աճել է սպառողական ապրանքների վաճառքը:
Հետաքրքիր է, որ երկրի բոլոր մարզերում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ գներով աճել է մոտավորապես 42.8 մլրդ դրամով: Սակայն դա ընդամենը կիսով չափ է փոխհատուցել Երեւանում գրանցված անկումը:
Այսպես՝ մայրաքաղաքային առեւտուրը զգալի վնաս է կրել: Հնարավոր է՝ փաստացիորեն, հնարավոր է՝ թղթի վրա: Այս կապակցությամբ հարց է ծագում. կոնկրետ ո՞ր խանութներն են «ապահովել» վերոնշյալ 60.2 մլրդ դրամի անկումը:
Պարզվում է, որ ամենամեծ անկումը գրանցվել է խոշոր օբյեկտներում, որոնք ունեն 31 եւ ավելի մարդուց բաղկացած անձնակազմ: Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում այդ օբյեկտները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, կորցրել են 79.9 մլրդ դրամ: Փոքր օբյեկտներում (6-15 մարդ) այդ ցուցանիը 3.2 մլրդ դրամ է կազմում: Այս երկու խմբերի արդյունքը կազմում է – 83.1 մլրդ դրամ:
Հավելենք, որ փոքր եւ միջին օբյեկտներում վաճառքի աճը քիչ է եղել՝ մոտ 22.9 մլրդ դրամ: Այսպես՝ մանրածախ ապրանքաշրջանառության ընդհանուր անկումը մեծամասմբ պայմանավորված է մայրաքաղաքի խոշոր առեւտրի օբյեկտներով, այսինքն՝ սուպերմարկետներով, էլեկտրոնիկայի, շինանյութերի խոշոր խանութներով:





























