Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանաձեւի առաջիկա քննարկումը ՄԱԿ-ում որեւէ ազդեցություն չի ունենալու ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վրա: Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ այսպիսով բանաձեւի հեղինակ Ադրբեջանը ցանկանում է հարստացնել իր քարոզչական զինանոցը: «Ադրբեջանի զինանոցը հիմնված է ավելի շատ սինթետիկ տեսակետների եւ ապատեղեկատվության վրա: Եւ այդ փաստաթուղթը, եթե ընդունվի, միեւնույն է կողմերի համար որեւէ պարտադրող ուժ չի ունենալու»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից ընդունված նախորդ բանաձեւերում «կարմիր գծով ընդգծված են» Ադրբեջանի հստակ պարտավորությունները՝ կապված կրակի դադարեցման հետ, ինչը Ադրբեջանը բազմիցս խախտել է: «Բոլոր այն երկրները, որոնք քիչ թե շատ տեղյակ են ԼՂ կարգավորման գործընթացից, այդ երկրները, ինչպես ցույց է տալիս փորձը, կամ դեմ են քվեարկել, կամ էլ ձեռնպահ են եղել նման բանաձեւերին»,- հայտարարեց պատգամավորը: Նա նաեւ ընդգծեց, որ ՄԱԿ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը շատ լավ գիտակցում է, որ ԼՂ խնդիրը այն խնդիրն է, որի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս անպայման պետք է հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետները: ՀՀԿ խմբակցության անդամն ասաց նաեւ, որ հայկական կողմը միջազգային կառույցներում համապատասխան քարոզչական աշխատանք է տանում՝ փորձելով ներկայացնել ԼՂ կոնֆլիկտի բուն պատճառներն ու էությունը, եւ հակակշռել ադրբեջանական քարոզչությանը:         

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նստաշրջանում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը: