Առաջին հայացքից ընթացիկ տարում պետբյուջեի հարկային եկամուտներում կա թեկուզ աննշան, բայցեւայնպես դրական տեղաշարժ: Եվ այսպես, հարկերի ու մաքսատուրքերի գումարը հունվար-հոկտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով աճել է գրեթե 2.9 մլրդ դրամով կամ էլ խորհրդանշական 0.3 տոկոսով:

Ճիշտն ասած՝ նման տոկոսը ավելի շուտ տնտեսության մոտելուտ լճացման փուլի մասինէ վկայում, քան բարգավաճման: Մինչդեռ ըստ պաշտոնական տվյալների, տնտեսության հիմնական ոլորտները, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, կարծես թե զարգանում են:

Հարկերին վերաբերող իրավիճակը շատ ավելի տագնապալի կթվա, եթե հաշվի առնենք մեկ բավականին կարեւոր հանգամանք: Նախ նշենք, որ ընթացիկ տարվա սկզբից պետական ոլորտի աշխատակիցներից սկսել են գանձել նպատակային սոցիալական վճարներ, որոնց ընդհանուր գումարը հունվար – հոկտեմբեր ամսիներին հասել է գրեթե 8.6 մլրդ դրամի: Բայց ըստ էության այդ վճարները միայն ֆորմալ տեսակետից կարելի է վերագրել պետական գանձարանի եկամուտներին:

Իսկ առանց վերոնշյալ վճարների պետբյուջեի եկամուտների պատկերը արմատապես փոխվում է՝ աճի փոխարեն նկատվում է անկում՝ գրեթե 3.9 մլրդ դրամով, կամ 0.4 տոկոսով: Ընդ որում հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսում այդ ճգնաժամային երեւույթները էլ ավելի են խորանում:

Այսպես, հոկտեմբերին պետբյուջեի հարկային մուտքերը (դարձյալ առանց սոցվճարների), տարեկան հաշվարկով կրճատվել են 7,9 մլրդ դրամով կամ  7,2 տոկոսով: Դրա հիմնական   «մեղավորը» ավելացված արժեքի հարկն է (ԱԱՀ), որի հոսքը հոկտեմբերին կրճատվել է  7,6 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով:

ԱԱՀ-ի անկումը նախ եւ առաջ կապված է մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի անկման հետ   (ընթացիկ գներով): Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը բացառում է մաքսատանը ԱԱՀ-ի գանձումը գործընկեր-երկրների ապրանքներից: Այնինչ մեզ մոտ մաքսատունը օպերատիվ կերպով ապահովում էր այդ հարկի զգալի մասը: Ավելացնենք, որ պետբյուջեի համար ծանր բեռ է մնում ԱԱՀ-ի վերավճարումը  (միայն 527 խոշորագույն հարկատուների մասով դա գրեթե  82,8 մլրդ դրամի է հասնում):