Եթե չլիներ մարդը, մեր մոլորակի վրա դդումներ եւ դդմիկներ չէին լինի։ Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Փեն Սթեյթի համալսարանի գիտնականները։ Հնագիտական տվյալները ցույց են տվել, որ նախքան մարդու հայտնվելը, Երկիր մոլորակի վրա տարածված էին դդումի եւ դդմիկի նախնիները՝ cucurbita տեսակի բույսերը։ Դրանք հաստակեղեւ ու դառնահամ բուսատեսակներ էին եւ ծառայում էին որպես կեր խոշոր կենդանիների համար, որոնք տարածում էին դրանց սերմերը։ Խոշոր կենդանիների ոչնչացումն հանգեցրել էր նրան, որ այդ բուսատեսակի բազմացման ճանապարհներն անհետացել էին, եւ դդումի նախնին կանգնել էր ոչնչացման վտանգի առաջ։

Դա կանխեց միայն մարդու իր հայտ գալը։ Նախապատմական բնակիչները, որոնք բնակվում էին Մեքսիկայի տարածքում, հազարամյակներ շարունակ դդումն օգտագործում էին որպես զամբյուղ եւ կուժ՝ միաժամանակ ստեղծելով դդումի եւ դդմիկի նոր տեսակներ, որոնք արդեն բարակ կեղեւ եւ նուրբ համ ունեին, փոխանցում է Kedem-ը։