Սեպտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի Համայնքների պալատի Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը եւ Թոնի Մարտինը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը:
Կանադայի խորհրդարանի անդամ Հարոլդ Ալբրեխթը տեղեկացրել է, որ իրենք ներկայացնում են Կանադա- Հայաստան պատգամավորական բարեկամության 30 հոգանոց խումբը եւ շատ ջերմ հարաբերություններ ունեն կանադահայերի հետ, ովքեր Կանադայում մեծ ներդրում ունեն մշակույթում, բիզնեսում եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում:
Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույնները եւ Հայաստան այցելելու հրավերն է փոխանցել Կանադայի խորհրդարանի խոսնակին: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ է համարել ակտիվացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ, նշելով, որ Կանադան տարբեր կազմակերպությունների միջոցով ներկայացված է Հայաստանում եւ զգալի օգնություն եւ օժանդակություն է ցուցաբերում: Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել, որ Կանադան դեսպանություն ունենա Հայաստանում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:





























