Ճապոնուհիները պայքարում են ամուսնությունից հետո իրենց օրիորդական ազգանունը պահպանելու իրավունքի համար, հաղորդում է Reuters-ը:

1896 թվականին ընդունված օրենքի համաձայն, կինն ու ամուսինը պետք է նույն ազգանունը կրեն ամուսնությունը գրանցելու համար: Օրենքը չի հստակեցնում, թե ամուսիններից որ մեկը պետք է փոխի ազգանունը, բայց փաստացի 96 տոկոսի դեպքում ազգանուն փոխողը  կանայք են: Որոշ զույգեր նախընտրում են ընդհանրապես չգրանցել իրենց ամուսնությունը, որպեսզի պահպանեն իրենց ազգանունները:

41-ամյա թարգմանչուհի Կաորի Օգունին հայտարարել է, որ կորցնել օրիորդական ազգանունը, նշանակում է կորցնել սեփական ինքնության մի մասը: Օգունին եւ եւս 4 կանայք հայց են ներկայացրել Ճապոնիայի կառավարության դեմ, որը G7-ի միակ երկիրն է, որտեղ նման օրենք է գործում:

Նրանք պնդում են, որ օրենքը հակասահմանադրական է եւ խախտում  ամուսինների քաղաքացիական իրավունքները: Կանայք նաեւ փոխհատուցում են պահանջել դրա դիմաց, հաղորդում է Gazeta-ն: